«Freedom House»-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» 2023-ի զեկույցը:
Անդրադառնալով ԼՂ-ին «Freedom House»-ը արձանագրել է, որ այնտեղ ազատության ինդեքսի առումով կտրուկ անկում է գրանցվել, որի պատճառով ԼՂ-ն մասամբ ազատ խմբից տեղափոխվել է ոչ ազատ երկրների խումբ։ «Freedom House»-ի դիտարկմամբ, ԼՂ-ն ոչ ազատ երկիր է ճանաչվել անցած տարվա սեպտեմբերին տեղի հայ բնակչության փաստացի արտաքսման արդյունքում։
Ըստ զեկույցի, վիճելի տարածքների շուրջ զինված հակամարտությունները հանգեցրել են քաղաքական իրավունքների ու ազատությունների անկմանը, եւ այդ իմաստով հենց Լեռնային Ղարաբաղն է ապրել տարվա ամենամեծ անկումը՝ կորցնելով 40 միավոր, քանի որ տեղի գրեթե ողջ բնակչությունը՝ մոտ 120 հազար հայեր, ստիպված են եղել փախչել՝ Ադրբեջանի զինուժի ճնշման հետեւանքով։ Այդ տեղահանությունը բազմաթիվ օտարերկրյա դիտորդներ գնահատել են որպես էթնիկ զտում։
«Freedom House»-ը հիշեցնում է, Բաքվի ռազմական հարձակումը տեղի ունեցավ Լաչինի միջանցքի իննամսյա արգելափակումից հետո, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհն էր։ Հետեւանքն այն եղավ, որ տեղի բնակիչների համար լուրջ խնդիր դարձավ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդի, բժշկական պարագաների եւ վառելիքի ձեռքբերումը։
Զեկույցի համաձայն, Լեռնային Ղարաբաղի գրավումը նպաստել է Ադրբեջանում 2003 թվականից նախագահող Իլհամ Ալիեւի ժողովրդականության աճին, ինչը մտավախություն է առաջացրել, թե Ադրբեջանի ղեկավարությունը կարող է նոր՝ լայնամասշտաբ ներխուժում իրականացնել Հայաստանի Հանրապետություն, որի «սահմաններն արդեն խախտված են»։
Նոր ներխուժման համար Բաքուն կարող է ոգեշնչվել հյուսիսից՝ Կրեմլի օրինակից, որը ապօրինաբար խլել է Ղրիմն ու այլ տարածքներ Ուկրաինայից։