Այժմ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու հնարավորություն կա։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Աննալենա Բերբոքը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից առաջ։
Բերբոքը ընդգծել է, որ երկու կողմերն էլ արդեն համարձակ քայլեր են ձեռնարկել՝ անցյալը հետեւում թողնելու համար։
«Ես ողջունում եմ ձեզ եւ ձեր կառավարություններին այս նպատակի հասնելուն ուղղված քաջության ցուցաբերման համար»,-ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։ Նա ընդգծել է, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ են «իրական հանձնառություն եւ վճռականություն», եւ որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ համաձայնության հասնելը Հարավային Կովկասի համար «ուղի կհարթի դեպի լավ եւ բարգավաճ ապագա»։
Բերբոքը նշել է, որ Բեռլինում շարունակվելու են «արդյուանվետ երկխոսությունները», որոնք սկսվել էին երկու շաբաթ առաջ Մյունխենում՝ ընդգծելով, որ Գերմանիան ցանկանում է բանակցություններում «առաջընթացի համար հարմար հարթակ» առաջարկել։
«Գերմանիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չլուծված խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով եւ առանց ուժի կիրառման։ Դրան հասնելու համար կարեւոր է, որ երկու երկրների միջեւ խաղաղության բանակցություններն ավարտվեն որքան հնարավոր է շուտ»,-բացման խոսքում ասել է Բերբոքը։
Բեռլինում այժմ Բայրամովի եւ Միրզոյանի միջեւ շարունակվող բանակցությունների շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ։