Իլինոյս նահանգի դատարանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին արգելել է մասնակցել հանրապետականների փրայմերիզին (նախնական ընտրություններին)՝ նահանգում նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Միաժամանակ դատավորը մի քանի օրով հետաձգել է այս որոշման կատարումը՝ Թրամփին Գերագույն դատարան դիմելու հնարավորություն տալու համար, հայտնում է Reuters-ը։
Իլինոյսում փրայմերիզների անցկացումը նախատեսված է մարտի 19-ին։
Ինչպես պարզաբանում է Reuters-ը, դատավոր Թրեյսի Փորթերը համապատասխան որոշում է կայացրել՝ վկայակոչելով ԱՄՆ Սահմանադրության 14-րդ ուղղումը, որն արգելում է պաշտոնյաներին պետական պաշտոններ զբաղեցնել, եթե վերջինները մասնակցել են ապստամբական գործողությունների։ Նախկին նախագահի դեմ հայցը ներկայացրել էր «Free Speech For People» իրավապաշտպան կառույցի փաստաբանական խումբը։
Նախկինում նմանատիպ որոշումներ կայացրել էին Կոլորադո եւ Մեն նահանգների դատարանները։
Ընդհանուր առմամբ, Թրամփի փրայմերիզներին մասնակցելը արգելելու համար դատական հայցեր ներկայացվել են 16 նահանգում։ Գերագույն դատարանը ներկայումս քննարկում է Թրամփի բողոքը Կոլորադոյի փրայմերիզից նրան հեռացնելու դեմ։