ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում խոսել է երկրի նոր զինատեսակների մասին։ Նա խոստացել է, որ Ռուսաստանը շուտով «կցուցադրի «Սարմատ» ծանր բալիստիկ հրթիռները»։
Պուտինի խոսքով՝ ՌԴ «ռազմավարական միջուկային ուժերը գտնվում են երաշխավորված օգտագործման համար լիակատար պատրաստության» վիճակում։ Այնուհետեւ նա թվարկեց զենքի տեսակները, որոնք Ռուսաստանը օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում: Նրա խոսքով դրանք մասնավորապես ռազմաօդային ուժերի կիրառած «Կինժալ» գերձայնային ավիացիոն ու «Ցիրկոն» գերձայնային ռազմածովային հարվածային համալիրներն են։
«Ավանգարդ» միջմայրցամաքային հեռահարության գերձայնային բլոկները եւ «Պերեսվետ» լազերային համակարգերը մարտական հերթապահություն են իրականացնում, ավարտվում են «Բուրեւեստնիկ» անսահմանափակ հեռահարություն ունեցող թեւավոր հրթիռի եւ «Պոսեյդոն» ստորջրյա ինքնակառավարվող մեքենայի փորձարկումները»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ «այս համակարգերը հաստատել են» իրենց «բարձր» եւ «եզակի» բնութագրերը: