Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի եւ նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։ Այս մասին հայտնում է նախագահաի մամուլի վարչությունը։
Ողջունելով Հանրապետության նախագահի այցն Իրաքի Հանրապետություն եւ Իրաքյան Քուրդիստան Պատվավոր նախագահը այցը գնահատել է որպես «պատմական» եւ շեշտել, որ այն դրական խթան կհանդիսանա երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության ամրապնդման եւ հարաբերությունների զարգացման գործում։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար ընդգծել է ժողովուրդների միջեւ պատմամշակութային բազմաշերտ առնչակցությունների կարեւորությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Իրաքյան Քուրդիստանի միջեւ հարաբերությունների զարգացման ուղղությամբ քայլերի խթանման հնարավորություններին։ Մտքեր են փոխանակվել առկա փոխշահավետ համագործակցային ներուժի կյանքի կոչման հեռանկարների եւ կոնկրետ գործողությունների վերաբերյալ։ Նշվում է նաեւ, որ անդրադարձել է կատարվել տարածաշրջանային եւ գլոբալ մի շարք հիմնախնդիրների եւ վերջիններիս կարգավորման ուղիների վերաբերյալ առկա հարցերին։
Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ հանդիպման ժամանակ էլ փոխադարձ ողջույնի խոսքերից հետո կողմերը քննարկել են տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, թվային կառավարման, տուրիզմի, կրթության, գիտության եւ այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացման վերաբերյալ հարցեր։
Նշվում է զրուցակիցները կարեւորել են ներդրումային ծրագրերի կյանքի կոչումը, ինչպես նաեւ ներդրումների համար նպաստավոր միջավայրի ձեւավորման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները։