Սկզբից եւեթ ասեմ, որ առհասարակ դեմ եմ քաղաքում մարդարձաններ տեղադրելուն։ Մարդկանց հիշելու եւ գնահատալու լավագույն ձեւը, ըստ իս, հիշվող-գնահատվողի ֆիզիոնոմիան հանրության աչքը մտցնելը չէ։
Ասեմ նաեւ, որ ժամանակակից արձանագործներից շատերին անձամբ չեմ ճանաչում, Շառլ Ազնավուրի արձանի հաղթած տարբերակի հեղինակին՝ նույնպես։ Հետեւաբար՝ չունեմ այդ մարդկանց (մարդու) հետ անձնական որեւէ խնդիր։ Վատ (իմ կարծիքով) արձանների հետ էլ խնդիր չունեմ. կարող եմ շրջանցել տեղադրման վայրը կամ, եթե հնարավոր չէ, պարզապես չնայել։
Խնդիրը ոչ թե այս կամ այն օբյեկտի այստեղ կամ այնտեղ հայտնվելն է, այլ մտածողությունը, որը գնալով գերիշխող է դառնում։ Մենք գնահատում ենք մարդուն, անձին, բայց ոչ արժեքը, որը նա ստեղծել է։ Մենք գնահատում ենք՝ հաճախ խորամուխ չլինելով նրա ստեղծածի բուն էության մեջ։
Մեզանից քանի՞սն է մինչեւ վերջ դիտել Փարաջանովի ֆիլմերը եւ քանի՞սը կկարողանան հոդաբաշխ կերպով ներկայացնել նրա արվեստի առանձնահատկությունը կամ կապը հայկական կինեմատոգրաֆի հետ։ Գիտենք միայն, որ Սերգեյ-Սարգիս Փարաջանով-Փարաջանյանը համաշխարհային ճանաչում ունեցող անհատ է։ Ու չգիտենք, որ համաշխարհային ճանաչողն ամեն չինացի, ամեն ռուս, ամերիկացի, արաբ, հոլանդացի … չէ։ Ճանաչողները կինոյից հասկացող, կինո սիրող, արվեստի պատմությանը քաջատեղյակ փոքրաթիվ անձինք են։
Փարաջանովը մեզ համար սիրուն տիկնիկ է, որն հանկարծ նվեր ենք ստացել, ու որ մյուս խաղալիքների՝ արջուկների, նապաստակների, եղնիկների հետ ոտատակ չտանք, դրել ենք սերվանտի ապակու հետեւում։ Նույնը կարելի է ասել ե՛ւ Նարեկացու, ե՛ւ Չարենցի, ե՛ւ Սարյանի, ե՛ւ մյուս «հայ մեծեր»-ի մասին, որոնց հետ հոգեկան մեր կապը, ներեք կտրուկ արտահայտվելու համար, զրո է։
Շառլ Ազնավուրը երջանիկ բացառություն է, որովհետեւ շատ-շատերն են լսել նրա երգերը, ոչ քչերը կարող են դնդնալ դրանցից մեկ-երկուսը, եւ ընդհանուր առմամբ բոլորն են տեղյակ, որ 100 տարի առաջ Ֆրանսիայում ծնված մեր հայրենակիցը իր ծննդավայրում մեծ ժողովրդականություն է վայելում եւ այդ ժողովրդականությունը ծառայեցրել է ի նպաստ Հայաստանի։ Հատկապես հիշում են նրա «Քեզ համար Հայաստան» երգը, որն 88-ի ավերիչ երկրաշարժից հետո դարձավ համաշխարհային բարի կամքի խորհրդանիշ։
Շառլ Ազնավուրը՝ որպես բանաստեղծ, երաժիշտ, երգիչ, ոչ մի կապ չունի հայ մշակույթի հետ։ Նա ընդամենը մի դրվագ է մեր ինքնագնահատականի խճանկարում։ Բայց հարցը դա չէ։ Ցավալի է, որ մեր ճարտարապետները զուրկ են քաղաքն ու արժեքները փոխկապակցելու ունակությունից եւ առաջնորդվում են չտեսի բնազդով։
Հիմա գանք Շառլ Ազնավուրի արձանի հաղթած տարբերակին եւ առհասարակ արձանաստեղծման առկա գեղագիտությանը։
Մերոնք ձգտում են ստեղծել այնպիսի օբյեկտներ, որոնք, կերպարը կրկնօրինակելուց բացի՝ նաեւ միտք են արտահայտում, պարզունակ միտք, իմ ընկեր Գրիգոր Խաչատրյանը կասեր՝ смысля։ Օրինակ, Արամ Մանուկյանը՝ եռագույնով փաթաթված, Անդրանիկը երկու ձիու վրա, մի այլ տեղ՝ Անդրանիկը հողից բուսնած, դուդուկահարները՝ տղերքով եւ այլն։
Այսքան պարզունակ մե՛կ մեր հայկական ռաբիսն է, մե՛կ էլ դրան չզիջող էստրադան։ Եվ եթե դրանց սպառողական նշանակությունն ըմբռնելի է (լավ շաբաշ են տալիս), հասկանալի չէ արձանագործների «հղացումը»։ Ազնավուրի արձանի հաղթած տարբերակին նայելիս՝ միանգամից ուզում ես ասել. «Ծափերի մեջ մնաս, ախպերս» կամ «Ձենդ անսպառ, ջիգյար»։
Գուցե հեղինակն ամենեւին էլ դա չի հղացել, գուցե մտածել է անել մի բան, որը որոշում կայացնողներին կթվա «փախած», իսկ Ազնավուրի ընտանիքի անդամներին՝ հայ լինելը զգալու համար կտեղավորի մեր ինքնության ամենաընդգծված դրսեւորման՝ ռաբիսի աշխարհում, բայց քաղաքը ո՛չ որոշում կայացնողներինն է, ո՛չ Ազնավուրի ընտանիքի անդամներինը, ոչ էլ մի օրվա համար է, եթե, իհարկե, Երեւանն Էրիվան դարձնելու որոշում չկա։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։