Բարձրագույն դատական խորհուրդը 2023 թվականի սկսզբին որոշել էր, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները տեղափոխվելու են Երեւան։ Փաստաբանները մտահոգություն էին հայտնել, որ առանց այն էլ ծանրաբեռնված դատարանները կգերծանրաբեռնվեն, աշխատանքներն էլ կաթվածահար կլինեն:
Այսօր, երբ հայցերը քննվում են 6-7 տարի շարունակ, երբ բաժանված ծնողի՝ երեխային տեսակցելու իրավունք ձեռք բերելու հայցն այնքան է քննվում, որ երեխան չափահաս է դառնում, ծնողն էլ՝ ծերանում, եւս մեկ աղմուկ բարձրացնող որոշում է կայացվել. նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թվականի հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն:
Սա դեռ ամենը չէ. 2025 թվականի հունվարի 1-ից էլ փաստաբանները շրջանառության հարկով չեն կարող աշխատել, ասել է թե՝ քաղաքացուց ստացած գումարի 38 տոկոսը կհարկվի: Նրանք հիմա բողոքում են, որ, առանց իրենց հետ քննարկելու, տնտեսական եւ իրավական հիմնավորումից զուրկ որոշում է կայացվել:
Փաստաբան Արամայիս Հայրապետյանը վստահ է, որ այս քայլով պետությունն ուղղակիորեն հարված է հասցնում իրավապաշտպանության գործին: Ըստ նրա, փաստաբանը կա՛մ գործունեությունը կդադարեցնի, կա՛մ ծառայության գինը կբարձրացնի, կա՛մ էլ ստվերում կաշխատի: Բոլոր երեք դեպքերում էլ կտուժի նա՛խ արդարադատությունը, հետո՝ անվճարունակ կամ միջին խավի քաղաքացին:
«Որոշումը կամայական է: Մեզ հավասարեցրել են շահումով խաղեր իրականացնող կազմակերպությունների հետ, որտեղ շրջանառությունը միլիարդավոր դրամներ է,-մտահոգություն է հայտնում Հայրապետյանն ու հավելում,-անգամ անվճար իրավաբանական խորհրդատվություն չենք կարող տրամադրել անվճարունակ քաղաքացուն, դրա համար մե՛նք պետք է վճարենք»:
Արամայիս Հայրապետյանը չի կասկածում, որ այս գործընթացին կհաջորդի փաստաբանների տարանջատումը յուրայինների եւ ոչ յուրայինների: Առաջինները կաշխատեն ստվերում, ոչ յուրայիններն էլ կմնան հարկային վարչարարության խոշորացույցի տակ:
Փաստաբան Թամարա Յայլոյանը խնդիրն այլ դիտանկյունից է մեկնաբանում: Ըստ նրա՝ քանի որ փաստաբանները փակ աչքերով չեն ողջունում ԲԴԽ-ի կայացրած ցանկացած որոշումը, թիրախավորվում են: «Պետությունը ոչ մի ռիսկ չի հաշվարկում, այդ րոպեին գումար է պետք, կբարձրացնեն հարկերը: Եթե մարդը տարիներ շարունակ չի կարող իր բնակարանային կամ աշխատանքային հարցը կարգավորել դատարանի միջոցով, կարտագաղթի»:
Փաստաբան Աշոտ Սիմոնյանը մայրաքաղաքում է աշխատում: Ասում է՝ Երեւանում էլ խնդիրները քիչ չեն. պետությունը խոչընդոտում է փաստաբանների գործունեությանը: Նկատել է, որ իրենք դատարանի կողմից երբեմն նույնացվում են իրենց վստահորդների, ասել է թե՝ նախկինների հետ: «Փաստաբանը վստահորդ չէ, գործի բերումով է պաշտպանում մարդուն»,-հիշեցնում է Սիմոնյանը եւ զգուշացնում, որ այսպես շարունակվելու դեպքում քաղաքացիները մնալու են առանց իրավաբանական օգնության:
«Ի՞նչ են ձեռնարկելու փաստաբանները» հարցին մեր զրուցակիցները պատասխանում են, որ գրավոր, հիմնավորված առաջարկ են ուղարկել, որ որոշման նախագիծը հետ կանչվի: Հույս ունենն, որ ողջամտություն կհաղթի եւ որոշում կայացնողները կհասկանան, որ իրավաբանական դաշտի հետ այսպես չեն վարվում, սա բիզնես չէ, ի վերջո, ցանկացած հարկային բեռ քաղաքացին է կրում:
Վերջում հորդորում են քաղհասարակության ներկայացուցիչներին, բիզնեսմեններին, քաղաքական գործիչներին, անտարբեր չմնալ վերը նշված հարցի վերաբերյալ։ Չէ՞ որ նրանք էլ մի օր կարող են փաստաբանի կարիք կունենալ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։