Եգիպտոսի նախագահ Աբդ ալ-Ֆաթթահ ալ-Սիսին աջակցություն է հայտնել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հասնելու Հայաստանի խաղաղ նախաձեռնություններին։ Այս մասին Եգիպտոսի ղեկավարը հայտարարել է այցով Կահիրեում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ալ-Սիսին, ինչպես հաղորդում է Sada El-Balad լրատվականը, հաստատել է Եգիպտոսի աջակցությունը «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու Հայաստանի նախաձեռնություններին, հակամարտությունների լուծման համար համապարփակ եւ արդար խաղաղության հասնելու փորձերին, որը կբավարարի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերը»։
Լրատվականը հաղորդում է, որ Եգիպտոսի նախագահը հավելել է, որ Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների ժամանակ կողմերը «ցանկություն են հայտնել մեծացնել առեւտրի ծավալը՝ իրենց քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին համահունչ, ինչպես նաեւ ընդարձակել համագործակցությունը այլ ոլորտներում»։
Իր հերթին Փաշինյանը մատնանշել է «եգիպտացի գործարարների հետաքրքրությունը Հայաստանի ներդրումային հնարավորությունների նկատմամբ, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտում»։
Նշվում է, որ Ալ-Սիսին եւ Փաշինյանը քննարկել են նաեւ իրավիճակը Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Գազայի հատվածում։ Կողմերը մատնանշել են Գազայում հրադադարի հասնելու եւ Հորդանան գետի Արեւմտյան ափում հանգստություն հաստատելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ հակամարտությունը «Երկու պետություն սկզբունքով» լուծելու կարեւորությունը։
Հայաստանի վարչապետի Կահիրե կատարած այցի ընթացքում ստորագրվել են մի շարք երկկողմ համաձայնագրեր եւ փոխըմբռնման հուշագրեր։