Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մարտի 7-8-ը կայցելի ԱՄՆ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
Գործակալության փոխանցմամբ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։
Այցի ընթացքում Ֆիդանը ամերիկացի գործընկերների հետ կքննարկի իրավիճակը Գազայի հատվածում եւ Ուկրաինայում, ինչպես նաեւ երկկողմ օրակարգի հարցեր, այդ թվում՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցները, F-16 կործանիչների վաճառքը եւ հացահատիկի գործարքը։
Թուրքիայի արտգործնախարարն առաջիկա այցի մասին հայտարարել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի փակման ժամանակ, սակայն կոնկրետ ժամկետներ չէր նշել։