ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով այժմ պայքարում է նախագահական ընտրություններին մասնակցելու համար, մարտի 3-ին Ֆլորիդայում հանդիպել է Space X-ի հիմնադիր Իլոն Մասկի եւ հանրապետական մի քանի դոնորների հետ։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով հանդիպմանը ծանոթ երեք աղբյուրներ, որոնց անունները չի նշվում։
Պարբերականը նշում է, որ Թրամփն ու նրա թիմը նախընտրական արշավի հետագա ֆինանսավորման համար այժմ աշխատում են լրացուցիչ հովանավորներ գտնելու ուղղությամբ։
Ըստ NYT-ի աղբյուրի՝ Թրամփը մարտի 3-ի հանդիպման ժամանակ համախոհների ներկայությամբ գովաբանել էր Մասկին եւ հույս հայտնել է, որ նրա հետ առաջիկայում առանձին հանդիպում կանցկացնի։
Անհասկանալի է, թե արդյոք Մասկը նախատեսում է ֆինանսապես աջակցել Թրամփին, սակայն սոցցանցերում նրա վերջին գրառումները, ըստ The New York Times-ի, ցույց են տալիս, որ նա ընտրություններում Բայդենի պարտությունը չափազանց կարեւոր է համարում։ Մասկի մերձավորները հաստատել են, որ նա իսկապես ունի նման տեսակետներ։
2022 թվականի նոյեմբերի միջանկյալ ընտրություններից առաջ Մասկը քննադատել էր Բայդենին իր նախագահության տարիներին ԱՄՆ մուտք գործող միգրանտների ռեկորդային թվի համար եւ գրել, որ Դեմոկրատական կուսակցության ներգաղթի քաղաքականությունը «սպառնում է հենց Ամերիկայի գոյությանը»։
Մասկի մերձավորներից մեկը The New York Times-ին նշել է, որ եթե գործարարն իսկապես աջակցի Թրամփին, ապա նման որոշման համար որոշիչ նշանակություն կունենա ներգաղթի հարցում նախկին նախագահի դիրքորոշումը։