ԱՄՆ-ում գործող նախագահ Ջո Բայդենը եւ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել են այսպես կոչված «սուպերերեքշաբթիի» փրայմերիզներում։
Ներկուսակցական ընտրությունները՝ փրայմերիզները անցկացվել էին երկրի 15 նահանգներում։ Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների կողմնակիցները քվեարկել են այն թեկնածուների օգտին, որոնց ցանկանում են տեսնել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։
Նախնական տվյալներով՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության 15 նահանգներից 13-ում հաղթել է խոշոր տարբերությամբ։ Նրա մրցակիցը՝ Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ եւ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին, հաղթել է միայն մեկ նահանգում՝ Վերմոնտում:
Ալյասկայի քվեարկության արդյունքները հասանելի կլինեն ավելի ուշ:
Նախագահ Ջո Բայդենը, երկրորդ անգամ առաջադրվելով որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ջախջախիչ հաղթանակներ է տարել բոլոր նահանգներում: Նա առաջադրման համար լուրջ մրցակիցներ չունի։
Միակ տարածքը, որտեղ Բայդենը պարտվել է իր մրցակից դեմոկրատ Ջեյսոն Փալմերին՝ Ամերիկյան Սամոան է։ Այս տարածքը նահանգ չէ, բայց ունի իրավունք ԱՄՆ նախագահական ընտրություններում քվերակությունների մասնակցության համար։
Մեկնաբանելով «սուպերերեքշաբթիի արդյունքները՝ Դոնալդ Թրամփը հանրապետականներին կոչ է արել միավորվել. «Մենք պետք է միավորվենք, եւ դա տեղի կունենա շատ արագ»։
Ջո Բայդենն էլ ընտրողներին կոչ է արել կանգնել ժողովրդավարության պաշտպանության համար։ «Ամերիկացիների յուրաքանչյուր սերնդի համար գալիս է մի պահ, երբ մենք պետք է տեր կանգնենք ժողովրդավարությանը: Տեր կանգնենք մեր անհատական ազատություններին: Եկել է մեր պահը: Միասին մենք կհաղթենք», — ասել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել էր Կոլորադոյի դատարանի որոշումը, որով Դոնալդ Թրամփին արգելել էր առաջադրվել նախագահի պաշտոնում։ Սույն որոշումը կգործի ողջ երկրի տարածքում։