Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանելով Ռուսաստանի հեռահար ավիացիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կոբիլաշին եւ Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Վիկտոր Սոկոլովին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) ձերբակալելու որոշումների մասին լրագրողների հարցերին նշել է, որ Մոսկվան չի ճանաչում դատարանի լիազորությունները։
«Մենք ՄՔԴ-ի կանոնադրության կողմ չենք, չենք ճանաչում այն»,-ասել է Պեսկովը եւ հավելել․ «Մենք նաեւ գիտենք, որ այնտեղ կան տարբեր փակ գործընթացներ, որոնք կատարվում են գաղտնի։ Նման որոշումներին համապատասխան վերաբերմունք ենք ցուցաբերում»։
Հիշեցնենք, որ ռուս բարձրաստիճան զինվորականներին ՄՔԴ ձերբակալելու օրդեր տվել էր մարտի 5-ին՝ հայտարարության մեջ ընդգծելով, որ Կոբիլաշը եւ Սոկոլովը մեղադրվում են ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։