Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք պահպանել ենք այն բոլոր լավ բաները, որոնք տասնամյակներ շարունակ միավորել են մեր ժողովուրդներին՝ անկախ այն հասարակական-քաղաքական կազմավորումից, որի շրջանակներում մենք փոխգործակցել ենք, մեր ժողովուրդների բարեկամական կապերը միշտ հանդիսացել են միջպետական հարաբերությունների հիմքը»,-ասել է Ալիեւը։
Նա նշել է, որ ռուս-ադրբեջանական «միջպետական հարաբերությունները թե՛ ձեւով, թե՛ բովանդակությամբ որակապես նոր մակարդակի են հասել», ինչը լայն աջակցություն է նաեւ ստանում երկու երկրների հասարակությունների կողմից։
Ալիեւը վստահություն է հայտնել, որ ինչպես 2023 թվականը, այնպես էլ ընթացիկ տարին լավ արդյունքներ կբերի երկկողմ հարաբերությունների շրջանակներում։
«Մեր դաշնակցային համագործակցությունը կամրապնդվի՝ ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների։ Սա նաեւ կարեւոր գործոն է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության համար»,-ասել է Ադրբեջանի նախագահը։