Եգիպտոսում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել իսլամական աշխարհի հոգեւոր եւ ուսումնական կենտրոն Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի հետ: Այս մասին ասվում է վարչապետի աշխատակազմի մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում, որ Փաշինյանը կարեւորել է Եգիպտոսում առկա կրոնական հանդուրժողականությունը եւ ընդգծել տեղի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի փաստը:
«Նիկոլ Փաշինյանը ցավով է նշել, որ երբեմն փորձ է արվում կրոնն օգտագործել քաղաքական նպատակներով` հավելելով, որ դրա պատճառներից է նաեւ այն, որ մարդիկ երբեմն այդքան էլ լավ պատկերացումներ չունեն կրոնների մասին: Այս առումով, վարչապետը կարեւորել է կառավարությունների դերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հայ ժողովրդի` իսլամի հետ հաղորդակցվելու երկար պատմությունը եւ իսլամական երկրներում հազարավոր հայերի ապաստան գտնելու փաստը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այցի ընթացքում Փաշինյանն Ալ-Ազհարի Գերագույն Իմամին է նվիրել Մատենադարանում պահվող 1719 թվականի Ղուրանի առաջին սուրահի կրկնօրինակը:
Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբն էլ շնորհակալություն է հայտնել արժեքավոր նվերի համար եւ կարեւորել հանդուրժողականության ու խաղաղության ամրապնդումը նաեւ կրոնների միջոցով:
«Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Մատենադարանում պահվող արաբատառ ձեռագրերի ցուցահանդես` հավելելով, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են նաեւ հասարակությունների միջեւ խաղաղ գոյակցության հաստատմանն ու ամրապնդմանը»,-ասվում է հաղորդագրության տեքստում:
Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը կնպաստի Հայաստան-Եգիպտոս կապերի ամրապնդմանն ու առաջընթացին, այդ թվում` կրոնական կրթության եւ մշակույթի ոլորտներում: