Հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավային շրջանների վրա պաղեսինյան ՀԱՄԱՍ-ի հարձակումից, որն իրականացրել էր շարժման ռազմականցված թեւ «Իզ ալ-Դին ալ-Քիսամ» բրիգադը եւ Իսրայելի պաշտպանության բանակի կոշտ պատասխան գործողություններից հետո տեղեկատվական դաշտում եւս լայնածավալ պատերազմ սկսվեց։ Հակամարտության երկու կողմերից շրջանառվող ապատեղեկատվությունների ծավալները մինչ օրս շարունակում են մեծանալ:
Արեւմտյան որոշ լրատվականների հրապարակած նյութերում ՀԱՄԱՍ շարժումը բնութագրվում է «իսլամիստական», «ջիհադիստական», «ծայրահեղական», «ահաբեկչական», համարվում «արմատական խմբավորում»: Մինչդեռ իսլամադավան մի շարք երկրների մեդիայում հանդիպում ենք առավել չափավոր եւ նույնիսկ դրական գնահատականների, որոնցում այդ կառույցը ներկայացվում է որպես Պաղեստինի անկախության համար պայքարող ուժ:
Նման գնահատականներ ու որակումներ հնչեցնելն ինքնին խոսում է հակամարտության շուրջ տվյալ լրատվականների ու դրանք ներկայացնող երկրների ունեցած հստակ դիրքորոշումների մասին։
Բայց, ՀԱՄԱՍ շարժման հիմնարար փաստաթղթերի դիտարկմամբ, փորձենք հասկանալ, թե ի՞նչ է այդ կառույցը, ո՞րն է դրա գաղափարախոսությունը, ինչի՞ համար են պայքարում, եւ արդյո՞ք իր պայքարի ճանապարհի ուղենիշներն իսկապես արմատական գաղափարներն են՝ դրված կազմակերպության հիմքում:
Ի՞նչ է նշանակում ՀԱՄԱՍ անվանումը
ՀԱՄԱՍ-ը (حماس) կառույցի արաբերեն անվան հապավումն է, որը թարգմանաբար նշանակում է «Իսլամական դիմադրության շարժում» (حركة المقاومة الإسلامية — Ḥarakah al-Muqāwamah al-ʾIslāmiyyah):
Շարժումը հիմնադրել է պաղեստինցի հոգեւորական շեյխ Ահմեդ Յասինը։ Նա Եգիպտոսի՝ քաղաքական իսլամի առավել արմատական գաղափարներին հարող, «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության համակիրներից եւ դրա պաղեստինյան թեւի ղեկավարներից էր:
Պաղեստինի տարածքում «Մուսուլման եղբայրների» քաղաքական ու ռազմական գործունեությունը սկսվել էր դեռ 1930-ական թվականներից, սակայն առավել ակտիվացավ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո, երբ Իսրայելի վերահսկողության տակ անցան Սինայի թերակղզին, Գոլանի բարձունքները, Գազան եւ Հորդանան գետի Արեւմտյան ափը՝ Երուսաղեմ քաղաքով։
Այդ տարիներին Շեյխ Յասինը իր համախոհների հետ գլխավորապես կենտրոնացել էր օկուպացված տարածքներում ուսումնական ու բարեգործական ծրագրերի իրագործման վրա։ Դրա գլխավոր պատճառն այն էր, որ 1970-1980-ական թվականներին Իսրայելի հետ ռազմական եւ քաղաքական դիմակայության գործը պաղեստինյան խոշորագույն կառույցներից մեկի՝ «Պաղեստինի ազատագրման կազմակերպության» (ՊԱԿ-ի) ձեռքում էր։
Բայց ՊԱԿ-ի հեղինակությունը պաղեստինցիների շրջանում միանշանակ չէր եւ ժամանակի ընթացքում նույնիսկ սկսել էր կտրուկ անկում ապրել: Ոմանք դժգոհ էին դրա գործունեության ցածր արդյունավետությունից, ոմանք՝ այսպես ասած «իսլամի պակասից», ոմանք էլ վրդովված էին կոռուպցիայի մեղադրանքներից, որոնք հաճախ էին ուղեկցում կազմակերպության ղեկավարներին։
Այսօրինակ իրավիճակում կրոնական եւ հասարակական որոշ կառույցներ սկսել էին իսլամը ներկայացնել որպես ՊԱԿ-ի աշխարհիկ գաղափարների այլընտրանք։ Նրանց շարքում էին նաեւ շեյխ Յասինի կողմնակիցները։
Այդպիսի քարոզները, Պաղեստինի գլխավորապես կրոնական աշխարհայացք ունեցող հասարակության շրջանում, պարարտ հող նախապատրաստեցին իսլամական ռազմականացված շարժումների առջացման համար։ Նման շարժումներից մեկը հենց ՀԱՄԱՍ-ն է, որն իր գոյության մասին հայտարարեց 1988 թվականին։
Ինչպե՞ս է իսլամն ամրագրված ՀԱՄԱՍ-ի գաղափարախոսության մեջ
ՀԱՄԱՍ-ի ընդհանուր սկզբունքները եւ քաղաքականությունն ուրվագծող կանոնադրության, որը հրապարակվել է 1988 թվականին, առաջին հոդվածով շարժումը բնութագրվում է այսպես. «Շարժման ծրագիրն իսլամն է։ Դրանից այն քաղում է իր գաղափարները, մտածելակերպը, տիեզերքի, կյանքի եւ մարդու մասին պատկերացումները: Այն դիմում է դրան՝ իր բոլոր գործողությունների դատողության համար, եւ ոգեշնչվում է դրանից՝ իր քայլերի ուղղորդման համար»:
Նույն փաստաթղթի 2017 թվականի վերաթարմացված տարբերակում էլ ասվում է. ««Համաս» իսլամական դիմադրության շարժումը պաղեստինյան իսլամական ազգային-ազատագրական եւ դիմադրության շարժում է: Դրա նպատակն է ազատագրել Պաղեստինը եւ դիմակայել սիոնիստական նախագծին [նկատի ունի Իսրայելը-հեղ]։ Նրա հղման շրջանակն իսլամն է, որը որոշում է նրա սկզբունքները, նպատակներն ու միջոցները»:
Երկու տեքստերից էլ հստակ է դառնում, որ Պաղեստինի համար ՀԱՄԱՍ-ի ծավալած պայքարի գաղափարական հիմնային բազան իսլամն է, եւ շարժումն այն որեւէ կերպ չի դիտարկում աշխարհիկ տեսանկյունից։
Ինչպես է ՀԱՄԱՍ-ը վերաբերվում Պաղեստինին
Իսլամի սկզբունքների վրա հիմնված գաղափարախոսությունը ակնհայտորեն դրսեւորվում է նաեւ շարժման՝ Պաղեստինի տարածքին տրվող գնահատականներում, որոնք հստակորեն ամրագրված են հիշատակված կանոնադրական երկու փաստաթղթերում:
Օրինակ՝ 1988-ի փաստաթղթում ասվում է. «Իսլամական դիմադրության շարժումը կարծում է, որ Պաղեստինի հողը իսլամական վակըֆ է, որը շնորհվել է մուսուլմանների ապագա սերունդներին մինչեւ դատաստանի օրը: Դրա որեւէ մաս չպետք է աչքաթող արվի։ Դրա որեւէ մաս չպետք է անջատվի։ Դրա որեւէ մասից հրաժարում չպետք է լինի: Արաբական ոչ մի երկիր, ոչ բոլոր արաբական երկները, ոչ մի թագավոր կամ նախագահ, ոչ բոլոր թագավորներն ու նախագահները, ոչ ինչ-որ կազմակերպություն կամ կազմակերպություններ՝ լինեն պաղեստինյան, թե արաբական, իրավունք չունեն դա անելու»:
Իսլամական իրավունքի մեջ «Վակըֆ» կոչվում է կրոնական կամ բարեգործական նպատակներով շնորհված սեփականությունը։ Այս դեպքում ՀԱՄԱՍ-ի կանոնադրության մեջ Պաղեստինի տարածքը համարվում է արդեն Աստծուց մուսուլմաններին դեռեւս VII դարի իսլամական մեծ նվաճումների ժամանակներում շնորհված սեփականություն, գույք, որը որեւէ մեկն օտարելու, բաժանելու, վաճառելու կամ աչքաթող անելու իրավունք չի կարող ունենալ:
Իհարկե նման հռետորաբանությունը անփոփոխ է նաեւ 2017 թվականի փաստաթղթում, որի 7-րդ հոդվածում պահպանվում է Պաղեստինն իսլամական հող համարելու գիծը եւ դրա շուրջ մուսուլմանական ընկալումների ներկայացումը․ «Պաղեստինը գտնվում է արաբական եւ իսլամական ումմայի (մուսուլմանական համայնքի) սրտում եւ ունի հատուկ կարգավիճակ: Պաղեստինում կա Երուսաղեմ, որի տեղամասերը օրհնված են Ալլահի կողմից: Պաղեստինը սուրբ երկիր է, որն Ալլահը օրհնել է մարդկության համար։ Դա մուսուլմանների առաջին Քիբլան է, [այն վայրը դեպի որտեղ Մուհամմադ մարգարեն եւ իր կողմնակիցները շրջվում էին աղոթք կատարելու ժամանակ] է եւ ճանապարհորդության նպատակակետը, որը գիշերը կատարեց Մուհամմադ մարգարեն, խաղաղություն նրան: Դա այն վայրն է, որտեղից նա բարձրացավ վերին երկինք: Այն Հիսուս Քրիստոսի ծննդավայրն է, խաղաղություն նրան: Նրա հողը պարունակում է հազարավոր մարգարեների, նրանց ուղեկիցների եւ մոջահեդների աճույններ»։
Նման տեքստերն ապացուցում են, որ ՀԱՄԱՍ-ը կտրականապես հրաժարվում է ընդունել Պաղեստինի տարածքում Իսրայել պետության գոյությունը, որի հիմնարար փաստաթուղթը Բրիտանական կայսրության մանդատի ներքո գտնվող Պաղեստինի տարածքը հրեական եւ արաբական պետությունների բաժանող 1947 թվականի ՄԱԿ Անվտանգության խորհրդի 181 բանաձեւն է։ Այլ կերպ ասած՝ Պաղեստինը դիտարկվում է բացառապես մուսուլման արաբ ժողովրդին պատկանող տարածք։
Անգամ 2017 թվականի փաստաթղթի 21-րդ հոդվածով հստակորեն ամրագրվում է, որ ՀԱՄԱՍ-ը չի ընդունում 1993 թվականին Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ Օսլոյում ստորագրված փաստաթղթերը, որոնք կոչված էին սահմանելու հակամարտության կարգավորման սկզբունքները։
Դրանցից առաջինով եւ հիմնարարով ՊԱԿ-ը ճանաչելու էր Իսրայել պետության գոյությունը, իսկ Իսրայլեը՝ ՊԱԿ-ին որպես պաղեստինցիների միակ քաղաքական ներկայցուցիչ։ ՀԱՄԱՍ-ն Օսլայի սկզբունքերը համարում է «միջազգային իրավունքի կանոններին հակասող, քանի որ դրանք առաջացնում են պարտավորություններ, որոնք խախտում են Պաղեստինի ժողովրդի անօտարելի իրավունքները»:
Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։