Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայն չէ Իսրայելի առաջարկած պայմաններով Գազայի հյուսիսային հատված տեղահանվածների վերադարձին: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Լրատվականին աղբյուրները նշել են, որ իսրայելական կողմը դեռ տատանվում է, Գազայի տեղահանված բնակիչներին իրենց տները վերադառնալու թույլատրության հարցում, հատկապես այն քաղաքացիներին որոնց տարիքը ցածր է 45-ից։
Բացի այդ, Իսրայելը պահանջել է վեցշաբաթյա զինադադարի ընթացքում ազատ արձակել բոլոր պատանդներին՝ առանց նախապայմանների կամ սահմանափակումների, իսկ ռազմագերիներին՝ մինչեւ ամբողջական զինադադարի հաստատումը։
Աղբյուրները նշում են, որ կապված պաղեստինցի բանտարկյալների եւ իսրայելցի պատանդառվածների փոխանակման պայմանների շուրջ ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ շարունակում են պահպանվել տարաձայնությունները։ Սպասվում է, որ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ։
Հակամարտող կողմերի միջեւ միջնորդող Եգիպտոսի, Քաթարի եւ Միացյալ Նահանգների ղեկավարությունը, դեռ հույսեր ունեն, որ կարող են զինադադարի հասնել մուսուլմանների սուրբ Ռամադան ամսվա սկզբին, որն այս տարի սկսվում է մարտի 10-ին։
Չնայած հրադադարի հաստատման համար միջազգային հանրության ներդրած մեծ ջանքերին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մարտի 7-ին ելույթ ունենալով սպայական դպրոցի շրջանավարտների առաջ հայտարարել է, որ ռազմական գործողությունները տարածվելու են Գազայի ողջ տարածքի՝ այդ թվում Ռաֆահ քաղաքի վրա, որտեղ այժմ հավաքվել է շուրջ 1,5 մլն փախստական։
«Ես ուզում եմ ձեզ այսօր պարզ եւ հստակ ասել. Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել ՀԱՄԱՍ-ի բոլոր գումարտակների դեմ ողջ Գազայի հատվածում, ներառյալ Ռաֆահում՝ ՀԱՄԱՍ-ի վերջին հենակետի տարածքում»,-ասել է Նեթանյահուն։