ՀԱՄԱՍ-ի շարժումը որպես Իսրայելի դեմ իր առանցքային պայքարի միջոց հայտարարել է ջիհադը:
Դա առաջին հերթին ամրագրված է 1988-ի կանոնադրության 8-րդ հոդվածում, որում ներկայացվում է կառույցի կարգախոսը․ «Ալլահը նրա նպատակն է, [Մուհամմադ] Մարգարեն՝ նրա օրինակը, Ղուրանը՝ նրա սահմանադրությունը։ Ջիհադը նրա ճանապարհն է, իսկ հանուն Ալլահի մահը նրա ցանկություններից ամենաբարձրն է»։
Ինչո՞ւ է ՀԱՄԱՍ-ը երբեմն համարվում «ջիհադիստական»
«Ջիհադ» (جهاد — jihād. թարգ․ ջանք գործադրել, ջանալ, եռանդագին աշխատել, պայքարել) տերմինը իսլամում երկակի իմաստ ունի։ Այն առաջին հերթին ենթադրում է անձի կողմից սեփական հոգեւոր արատների դեմ տարվող պայքարը, այսինքն պայքար այնպիսի երեւույթների դեմ, ինչպիսիք են սուտը, կեղծավորությունը, ցոփակեցությունը, շնությունը եւ այլն։ Երկրորդ իմաստով ջիհադ բառի տակ հասկացվում է իսլամի տարածման գործում գաղափարական եւ ռազմական ջանքերի գործադրումը, նվաճողների դեմ պայքարը, ապստամբների եւ հանցագործների նկատմամբ պատժի կիրառումը:
Պատմության մեջ, սակայն, բավական շատ են դեպքերը, երբ ջիհադի հայեցակարգը կիրառվել է կրոնական ատելություն բորբոքելու եւ ագրեսիվ պատերազմները օրինականացնելու համար:
ՀԱՄԱՍ-ի 1988 թվականի կանոնադրության 15-րդ հոդվածում պարտադիր է համարվում բոլոր միջոցներով Իսրայելի դեմ ջիհադ մղելը․ «Այն օրը, երբ թշնամիները յուրացնում են մուսուլմանական հողի մի մասը, ջիհադը դառնում է յուրաքանչյուր մուսուլմանի անհատական պարտականությունը: Հրեաների կողմից Պաղեստինի յուրացման դեմ պարտադիր է ջիհադի դրոշի բարձրացումը: Դա անելու համար անհրաժեշտ է զանգվածների մեջ իսլամական գիտակցության տարածում, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ արաբական եւ իսլամական մակարդակներում: Պետք է ջիհադի ոգին սերմանել ազգի սրտում, որպեսզի նրանք դիմակայեն թշնամիներին եւ համալրեն մուջահեդների շարքերը»:
Հրեական պետության դեմ ջիհադի անհրաժեշտությունը շեյխ Ահմադ Յասինը 1997 թվականի իր երկար ելույթի ժամանակ բացատրել էր հետեւյալ կերպ․ «Ազգը, որը ջիհադ չի մղում, չի կարող գոյություն ունենալ: Ալլահը մեզ հետ է, իսկ շայթանը՝ նրանց հետ: Մենք կպայքարենք ու կպայքարենք այնքան, մինչեւ Աստծո կամոք վերականգնենք մեր իրավունքներն ու մեր հայրենիքը: […] Ես ցանկանում եմ բարձրաձայն հայտարարել աշխարհին, որ մենք չենք մարտնչում հրեաների դեմ, միայն այն բանի համար, որ նրանք հրեաներ են: Մենք մարտնչում ենք նրանց դեմ, քանի որ այդ նրանք են հարձակվել մեզ վրա, սպանել են մեզ, խլել են մեր հողերը, մեր տները, մեր երեխաներին, մեր կանանց եւ ցրել մեզ ամենուր՝ դարձնելով անհայրենիք ժողովուրդ: Մենք ցանկանում ենք մեր իրավունքները: Մենք սիրում ենք խաղաղությունը, բսյց նրանք ատում են այն, որովհետեւ այն մարդիկ, ովքեր խլում են այլոց իրավունքները, չեն հավատում խաղաղությանը: Ինչո՞ւ մենք չպետք է մարտնչենք: Մենք ունենք մեզ պաշտպանելու իրավունք»:
Ջիհադի շուրջ Շեյխ Յասինի վերոգրյալ բացատրությունները արդեն 2017 թվականի փաստաթղթում ներկայացված է որպես շարժման կանոնակարգային դրույթ․ «ՀԱՄԱՍ-ը շեշտում է, որ Պաղեստինի ժողովրդի նկատմամբ ոտնձգությունը, նրա հողը յուրացնելը եւ հայրենիքից վտարելը չի կարելի խաղաղություն անվանել։ Սրա հիման վրա ձեռք բերված ցանկացած կարգավորում չի հանգեցնի խաղաղության։ Պաղեստինի ազատագրման համար դիմադրությունը եւ ջիհադը կմնան օրինական իրավունք, պարտականություն ու պատիվ մեր ժողովրդի եւ մեր Ումմայի բոլոր որդիների եւ դուստրերի համար»:
Ո՞րն է նման գաղափարախոսության արդյունքը
ՀԱՄԱՍ-ի վերոգրյալ կանոնադրական փաստաթղթերից կատարված քաղվածքները ցույց են տալիս, որ կառույցի գաղափարախոսական բազան իսլամն է։ Սա նշանակում է, որ ՀԱՄԱՍ-ը Պաղեստինյան հարցի կարգավորումը դիտարկում է կրոնական եւ ազգայնական նեղ շրջանակներում, որը, ինչպես տեսանք հոդվածի առաջին մասում, ընդհանրապես բացառում է Իսրայել պետության գոյությունը։
Ուրեմն՝ ՀԱՄԱՍ-ի նման հռետորաբանությունը եւ, ինչպես իրենք են պանդում, «պաղեստինցիների իրավուքների պաշտպանության համար որդեգրած ռազմական դիմակայությունը» կառույցին զրկում են թե՛ Իսրայելի, թե՛ աշխարհի շատ երկրների կողմից հանդուրժողական (տոլերանտ) ընկալվելու հնարավորությունից։
Իսկ տոլերանտ համարվելը մեծ անհրաժեշտություն է դառնում հատկապես այն պահերին, երբ կուսակցական դարձած տեղեկատվական դաշտում եւ միջազգային հանրության առաջ պետք է ձայն բարձրացնել իսրայելական զանգվածային ռմբակոծությունների պատճառով Գազայի բնակիչների կրած տառապանքների մասին։
Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։