Մարտի սկզբին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել էր Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Ֆորումի շրջանակում հայ պաշտոնյան հարցազրույց է տվել TRT World-ին, ինչն ինքնին կարեւոր է եւ խոսում է հարեւան երկրում Հայաստանի նկատմամբ եղած մեծ հետաքրքրության մասին։
Լրագրողը շոշափել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ հայ-թուրքական սահմանի բացում, առեւտուր, տնտեսական կապեր, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթաց, ճանապարհներ, միջանցքներ եւ այլն։ Հարցեր են հնչել նաեւ Արեւմուտքի (ԱՄՆ, ԵՄ) հետ Հայաստանի հարաբերությունների մասին։
Ընդհանուր առմամբ զրույցը հետաքրքիր էր, պատասխանները՝ հավասարակշռված։ Բայց առանձնացնեմ մեկ հարց, մեկ պատասխան, որն ավելի լայն կտրվածքով ընդհանրացումներ անելու հնարավորություն կտա։
Լրագրողը հարցնում է. «Խոսեցիք նաեւ ԵՄ մասին. ԵՄ-ն ընդլայնվում է, երբեւէ մտածե՞լ եք ԵՄ-ին անդամակցության մասին, արդյո՞ք դա հնարավոր է մոտ կամ հեռավոր ապագայում։ Կամ գուցե ՆԱՏՕ-ին անդամակցությո՞ւնն է Հայաստանին հետաքրքրում՝ որպես դեպի Արեւմուտք ձգտող արտաքին քաղաքականության մաս» ։
Միրզոյանը պատասխանում է. «Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին՝ 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաեւ ԵՄ-ին անդամակցության գաղափարը. Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, եւ ինչպես ասացի, մենք անցնում ենք գործընթացի միջով եւ կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել»։
1998-ից սկսված անվերջ գործընթացներ
ԱԳ նախարարն իրականում խոսում է Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը փոխելիս «փուստ» տալու հնարավորության մասին. «…կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել»։
Մտքի այս շարադրանքն ուշադրությունս չէր գրավի, եթե չափազանց նման չլիներ 1998-ին իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանի եւ նրան հաջորդած Սերժ Սարգսյանի քաղաքական վարքին։
Առաջինի նախաձեռնած գործընթացի սկիզբը բնույթով գերոնտոլոգիական էր. Ալիեւն (հայրը) էսօր կա, վաղը չկա, մի քիչ ձգենք, տեսնենք՝ ինչ է լինում։ 2003 թվականի դեկտեմբերին նա ի վերջո լքեց այս աշխարհը։ Երկրորդ մասն «արխային-սպասողական» էր. դե մինչեւ որդին (Իլհամը) տեղավորվի ու հարմարվի հոր բազկաթոռում, Հայաստանում կլինեն նոր ընտրություններ, եւ հասարակությունը կարձանագրի, որ Քոչարյանը մի թիզ հող անգամ չզիջած նախագահ է եղել։
Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացը՝ մտածողությամբ ավելի մերձ է ներկաների ծրագրերին. մի քիչ խաղեր տանք Եվրոպայի հետ, մինչեւ երեւա՝ ինչ է լինում։ Լինելիքը եղավ 2013-ի սեպտեմբերին, երբ Սարգսյանը հարկադրաբար ԵԱՏՄ (Եվրասիական տնտեսական միություն) մտնելու խոստում տվեց։ 2014-ի մայիսի 29-ին այդ խոստումը վավերացվեց պայմանագրով, իսկ 2015-ի հունվարի 1-ից Հայաստանն արդեն Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական ծիրում էր։
Հիմա, երբ Միրզոյանն ասում է, թե «…ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել», միանգամից չես ուզում կանխավարկածել, թե երկրի կարեւորագույն պաշտոնյան «Տոտո»-ում խաղադրույք անելն ու արտաքին քաղաքականությունը չի տարբերում։ Հակառակը՝ մտածում ես, որ, ավանդույթին հավատարիմ՝ ուզում է ժամանակի հետ խաղալ։
Բայց այստեղ մի տարբերություն կա։ Եթե Քոչարյանը ձգձգում էր, Սարգսյանը՝ ժամանակ շահում, այս իշխանությունը վատնում է ժամանակը՝ անիմաստ եւ անհեռանկար էքսպերիմենտների վրա, եւ սրա հետեւանքը, Աստված մի արասցե, լինելու է Հայաստանի հայտնվելը նոր ԽՍՀՄ-ի մեջ։
Եվ այդ ժամանակ գուցե իրականություն դառնա «Մեր Հայրենիք»-ը փոխելու ՔՊ-ականների մանկության երազանքն ու ինքնաբերաբար վերականգնվի Արամ Խաչատրյանի հիմնը։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։