Երկուշաբթի օրը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի առջեւ հանդիսավոր կերպով բարձրացվել է Շվեդիայի դրոշը։ Երկիրը Հյուսիսատլանտյան դաշինքին պաշտոնապես միացել է մարտի 7-ին։
Արարողությանը մասնակցել է շվեդական ընդլայնված պատվիրակությունը. վարչապետ Ուլֆ Քրիստերսոնից եւ կառավարության անդամների հետ միասին, դրան մասնակցել են նաեւ վեց քաղաքական կուսակցությունների առաջնորդներ, ինչպես նաեւ Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան։
Արարողության բացման խոսքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգն օրն անվանել է «պատմական»։
«Սա կրիտիկական ժամանակաշրջան է բոլորի անվտանգության համար։ Ընդունելով Շվեդիային մեր շարքերում՝ մենք ցույց ենք տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են։ Յուրաքանչյուր ժողովուրդ կարող է ընտրել իր ճանապարհը։ Մեր ճանապարհը ժողովրդավարությունն ու անվտանգությունն է։ Ուկրաինայի խիզախ ժողովուրդն այժմ պայքարում է հենց այդ արժեքների համար»,-ասել է Դաշինքի գլխավոր քարտուղարը։
Վարչապետ Քրիստենսենն իր ելույթում ասել է, որ Շվեդիան «եկել է ընդհանուր տուն»։ Նա ընդգծել է, որ երկիրը միացել է «Գործընկերություն հանուն խաղաղության» նախաձեռնությանը դեռ 1994 թվականին եւ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ բոլոր խոշոր զորավարժությունների եւ միջոցառումների ընթացքում, իսկ վերջին երկու տարիներին ակտիվորեն պատրաստվել է Դաշինքին միանալուն։
«Ռուսաստանի դաժան ներխուժումը Ուկրաինա միավորել է շվեդներին այն համոզմունքում, որ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամակցությունը միակ ողջամիտ ընտրությունն է»,-հայտարարել է Քրիստենսենը։
Շվեդիան Ֆինլանդիայի հետ միասին Դաշինքին միանալու հայտ ներկայացրել էր 2022-ի մայիսին՝ Ուկրաինա ռուսական բանակի լայնամասշտաբ ներխուժումից շուրջ երեք ամիս անց։ Մինչ այս երկիրը պահպանում էր չեզոքության սկզբունքը եւ ավելի քան 200 տարի խուսափուել է ռազմական դաշինքներին միանալուց։
Դաշինքի անդամ երկրներից վերջինի՝ Հունգարիայի խորհրդարանը Շվեդիայի անդամակցությանը հավանություն էր տվել փետրվարի 26-ին, իսկ նախորդ շաբաթ փաստաթուղթը ստորագրել էր երկրի նոր նախագահ Թամաշ Շույոկը։