Մինչեւ 2016 թվականը Շիրակի մարզն ուներ 119 գյուղական եւ քաղաքային համայնք: Հինգ տարվա ընթացքում, մի քանի փուլով, համայնքները միացան, խոշորացվեցին, ինչի արդյունքում 2021 թվականից մարզում մնաց վեց համայնք՝ Գյումրին ներառյալ:
Լա՞վ էր խոշորացումը, թե՞ վատ. կարծիքները միանշանակ չեն, բայց կարելի է ասել, որ դրական կարծիք ունեցողները շատ են:
Տարիների ընթացքում խոշորացված համայնքներում ռեսուրսների եւ ֆինանսների միավորման արդյունքում այնպիսի ծրագրեր իրականացվեցին, որոնք երբեք չէին լինի, եթե խոշորացում չլիներ: Մարզում կային բազմաթիվ գյուղեր, որոնց բյուջեն անգամ չէր բավարարում համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի համար, բայց այսօր այդ նույն բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, ոռոգման ցանցեր, գազաֆիկացման համակարգեր են կառուցվում:
Խոշորացված համայնքը միայն տնտեսական ու սոցիալական զարգացում ապահովելուց բացի, այլ առավելություններ նույնպես ունի: Այս մասին բարձրաձայնում են քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչները եւ վստահեցնում, որ իրենք կարո՛ղ են եւ պե՛տք է օգնեն համայնքներին զարգացման գործում: Իրենց գործունեությունն էլ հակակշիռ եւ սթափության ազդակ է լինելու համայնքների ղեկավարների կայացրած որոշումներին:
Տեղական իշխանությունը հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ռազմավարություն ունի՞, թե՞ ոչ: Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Արամ Անտոնյանն ասում է՝ թղթի վրա ռազմավարություն չունեն, բայց պատրաստակամ են համագործակցելունրանց հետ:
Անտոնյանը միավորված համայնքերի խնդիրների մասին խոսելիս առանձնացնում է որակյալ կադրեր չունենալու, լինելու դեպքում էլ՝ ՏԻՄ-երում նրանց ընդգրկել չկարողանալու հարցը:
«Խոշորացումով որոշ տնտեսական խնդիրներ լուծվեցին, համայնքները նոր մակարդակի բարձրացան, ինչից հետո արդեն այլ ուղղություններով զարգանալու մասին ենք մտածում: Հասարակական կազմակերպություններն այդ հարցում մեզ օգնելու պատրաստակամություն ունեն, ինչը սիրով ենք ընդունում»,-ասում է Անտոնյանը:
Քաղհասարակության ներկայացուցիչներն ինչո՞վ կարող են զարգացնել համայնքները. «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Պետրոսյանը թվարկում է՝ կանաչ տնտեսության, աղետների ռիսկերի նվազեցման, կլիմայի փոփոխության, կրթական, կլիմայակայուն գյուղատնտեսության եւ այլ ոլորտների զարգացման ուղղությամբ:
Պետրոսյանն փորձից է ասում, որ համայնքներում, մեղմ ասած, ոգեւորությամբ չեն ընդունում իրենց առաջ քաշած խնդիրները, համոզված են՝ կարեւորն օրվա հացն է: Սակայն լավատեսական միտումներ կան, սայլը սկսել է տեղից շարժվել: «Դժվարությամբ, բայց քիչ-քիչ մարդիկ սկսել են հասկանալ, որ գլոբալ տաքացումը իրենց օրվա հացի թշնամին է, եւ հենց իրե՛նք պետք է դրա դեմն առնեն»:
«Հյուսիսի երիտասարդներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունն էլ մեկ այլ խնդիր է լուծում հեռավոր Ամասիա եւ Աշոցք համայնքներում: Ուսումնասիրել ու տեսել են, որ չկան որակյալ մասնագետներ, որոնք կհամաձայնեն իրենց ներուժն օգտագործել համայնքում: Եվրամիության օգնությամբ կառույցը՝ բացի մշակութային, մարզական միջոցառումներ կազմակերպելուց, համայնքային ծառայողների հմտությունները զարգացնելու նպատակով վերապատրաստումներ է անում:
Կազմակերպության նախագահ Վահան Դավթյանն ասում է. «Ակումբներ ենք հիմնել, որոնք նպաստում են միավորված համայնքի երիտասարդների ներգրավմանը ՏԻՄ աշխատանքներում։ Նրանք գիտակցում են իրենց կարեւորությունը, տեր կանգնեն իրենց իրավունքներին»:
«Բրայթ իմփաքթ» հասարակական կազմակերպությունն էլ գյուղական համայնքներում գենդերային խտրականության վերացման ուղղությամբ է աշխատանքներ տարել, առաջընթաց գրանցել: «Աղջիկներին չէին թողնում մասնակցել մեր քննարկումներին, խորհրդակցություններին: Սակայն մեր խմբերն արդեն համալրված են բազմաթիվ ակտիվ ու ներուժ ունեցող աղջիկներով»,-ասում է կազմակերպության նախագահ Անդրանիկ Մարգարյանը եւ վստահեցնում, որ դրա քաղցր պտուղները շուտով համայնքներում կվայելեն:
Անցյալում են մնացել այն օրերը, երբ համայնքների ղեկավարները փակ դռների հետեւից մերժում էին քաղհասարակության առաջարկները, իրենց զգալով ոչ թե համայնքային ծառայող, այլ համայնքի տեր-տիրակալ: Համայնք-ՀԿ հարաբերություններում սառույցը հալվել է, համագործակցության հիմքն էլ՝ ամրացել:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։