Երեւանը վերջին շրջանում չի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություններ չի ստացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Երեւանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, եւ մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այդուհանդերձ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ կանոնակարգային դաշտին լիովին համապատասխան»,-ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Տասմագամբետովը նշել է, որ ընդունվող եւ ընդունված որոշումների մասին քարտուղարությունը տեղեկացնում է Երեւանի համապատասխան կառույցներին։
«ՀՀ պաշտոնյաների նշված հայտարարությունների առնչությամբ կարող եմ ասել, որ Երեւանի քարտուղարությունը կազմակերպությանն անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի ստացել»,-ասել է գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում ասել էր, որ Երեւանը դադարեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ կազմակերպությունը չի կատարել հանրապետության նկատմամբ ստանձնած պարտավորությունները 2021- 2022 թվականներին Ադրբեջանի կողմից սահմանային որոշ շրջանների օկուպացիայի ժամանակ։