Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ խոսք չի եղել եւ չի էլ կաորղ լինել Տավուշի մարզի որեւէ գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 12-ի ասուլիսի ժամանակ։
Պատասխանելով Ադրբեջանի կողմից ՀՀ Տավուշի մարզի 4 գյուղերը Բաքվի վերահսկողությանը հանձնելու մասին հարցին Փաշինյանը նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է արձանագրել, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի այդ արձանագրումից ելնելով՝ հնարավոր լինի հստակ ձեւակերպել, թե որ հատվածներում Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ եւ որոնցում՝ ոչ։
«Ասվում է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել եւ խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնելու մասին»,-ասել է վարչապետը։
Նա հաջորդիվ ընդգծել է, որ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղ Ասքիփարան, Խեյրիմլին եւ Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի համաձայն։