Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը նամակով դիմել են Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայություն իրականացնելու եւ անվտանգություն ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության եւ մատուցված ծառայության համար։
Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին տված ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով օդնավակայանից ռուս սահմանապահների դուրս բերման շուրջ քննարկումներին։
«Տեղեկացրել են, որ քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, ՀՀ սահմանապահ ծառայությունը «Զվարթնոց»-ում բավարար փորձ, հմտություն է ձեռք բերել, որպեսզի օդանավակայանում սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության», — ասել է Փաշինյանը՝ հստակեցնելով, որ Երեւանը ոչ թե դիմել, այլ տեղեկացրել է ռուսական կողմին այդ որոշման մասին։
«Եվ այնտեղ ժամկետը նշված է 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Օգոստոսի 1-ից մենք ծառայությունը ինքնուրույն կիրականցնենք», — փոխանցեց վարչապետը։