Ուկրաինայում ընթացող պատերազմին վերջ տալու համար ցանկացած բանակցության առաջին պայմանը Ռուսաստանի ագրեսիայի դադարեցումն է։ Այս մասին մարտի 12-ին հայտարարել է Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլին Corriere della Sera թերթին տված հարցազրույցի ժամանակ:
Պարոլիի հայտարարությունը հնչել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին հարցազրույցի հրապարակումից հետո, որտեղ կաթոլիկ եկեղեցու հովվապետը նշել էր, որ Ուկրաինան պետք է «սպիտակ դրոշ բարձրացնելու քաջություն ցուցաբերի» եւ բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ։
Պապի հայտարարությանը հետեւել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի կոշտ արձագանքը։ Կոշտ էին եղել նաեւ արեւմտյան դաշնակից երկրներից հնչած գնահատականները։
Ավելին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 11-ին գերատեսչություն էր հրավիրել պապական նվիրակ արքեպիսկոպոս Վիսվալդաս Կուլբոկասին՝ «հիասթափություն» հայտնելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մեկնաբանությունների առնչությամբ։
Նախարարության կայքէջում տարածված հաղորդագրության համաձայն պապական նվիրակին ասվել է, որ Պապը պետք է զերծ մնա այնպիսի հայտարարություններից, որոնք «օրինականացնում են ուժի կիրառման իրավունքը եւ խրախուսում միջազգային իրավունքի նորմերի հետագա անտեսումը»։
Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պարոլինը Corriere della Sera թերթին ասել է, որ Վատիկանը հավատարիմ է իր դիրքորոշմանը եւ հրադադար է պահանջում, որի դեպքում «առաջին հերթին ագրեսորն է, որ պետք է դադարի կրակել»։
Պարոլիի խոսքերով Պապը ցանկանում է «պայմաններ ստեղծել դիվանագիտական լուծման, արդար եւ տեւական խաղաղություն փնտրելու համար»:
Ընդգծելով, որ Ռուսաստանն է համավրում է ագրեսոր՝ Պարոլինն նշել է․ «Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմը ոչ թե բնական աղետի, այլ մարդկային ընտրության հետեւանք է»։
«Այդ նույն մարդկային կամքը, որն հանգեցրել է այս ողբերգությանը, ունի նաեւ դրան վերջ տալու համար քայլեր ձեռնարկելու եւ դիվանագիտական լուծման ճանապարհ բացելու հնարավորություն ու պատասխանատվություն»,-ասել է Պարոլին։