Գազայի հատվածում հրադադարի հաստատման շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն միջնորդներն այդպես էլ չեն մոտեցել հակամարտող կողմերի միջեւ համաձայնագրի կնքմանը։ Այս մասին հայտարարել է Քաթարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։
«Շարունակվում են Քաթարի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային միջնորդների շարունակական ջանքերն ուղղված՝ Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։ […]Բանակցությունները շարունակվում են Դոհայում եւ Կահիրեում, սակայն մենք դեռ մոտ չենք հրադադարի մասին համաձայնագրի կնքմանը»,- Al Jazeera-ի փոխանցմամբ ասել է քաթարցի դիվանագետը մամուլի ասուլիսի ժամանակ։
Անսարին նաեւ ընդգծել է, որ Քաթարը ձգտում է Գազայում մշտական հրադադար հաստատել, այլ ոչ թե կարճաժամկետ զինադադար։ Նրա խոսքով, իրավիճակը գնալով էլ ավելի է վատթարանում է, ուստի Քաթարը շարունակում է փոխգործակցությունը հակամարտող բոլոր կողմերի հետ եւ նրանց միջեւ համաձայնության հասնելու հույս ունի:
Մարտի 10-ին Al Arabiya հեռուստաալիքը հաղորդել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները դեռ որոշում չեն կայացրել զինադադար հաստատելու վերաբերյալ Կահիրեում բազմակողմ բանակցությունների վերսկսման ժամկետների շուրջ, քանի որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվում է բավարարել պաղեստինյան կողմի պահանջները եւ դրանով իսկ դանդաղեցնում է բանակցային գործընթացը։
Գազայի հարցով բազմակողմ խորհրդակցությունները Եգիպտոսի մայրաքաղաքում անցկացվել էին մարտի 3-ից 7-ը, որոնք, սակայն ավարտվել էին առանց Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ որեւէ համաձայնության հասնելու։