Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի։
Նման հայտարարությամբ Էրդողանը հանդես է եկել մարտի 12-ին Թուրքիայում հավատարամագրված մուսուլման դիվանագետների հետ Ռամադան ամսվա երեկոյան ընթրիքի՝ իֆթարի ժամանակ։
Բացի այս Թուրքիայի նախագահը իր ելույթում անդրադարձել էր նաեւ Իսրայել-Պաղեստին հակամարտության կարգավորման անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ «դրան հասնելու միակ ճանապարհը անկախ, ինքնիշխան եւ աշխարհագրորեն ինտեգրված պաղեստինյան պետության ստեղծումն է, որի մայրաքաղաքը Արեւելյան Երուսաղեմն է՝ 1967 թվականի սահմաններում»:
Խոսելով Հունաստանի հետ հարաբերությունների մասին Էրդողանը հույս է հայտնել, որ Արեւելյան Միջերկրական եւ Էգեյան ծովում վերջերս ձեւավորված բացասական մթնոլորտը կփոխվի, եւ ջանքերը կոնկրետ արդյունքներ կբերեն։
Թուրքիայի նախագահը նաեւ ընդգծել է, որ Անկարան շարունակելու է հանդոս գալ որպես միջնորդական հարթակ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։
Չնայախ Ռուսաստանում նախագահական ընտրությունները դեռ տեղի չեն ունեցել, այնուամենայնիվ Էրդողանը վստահաբար ընդգծել է, որ դրանց անցակցումից հետո պատրաստվում է ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Ուրբաթ օրը Ստամբուլում ընդունեցինք Ուկրաինայի նախագահ պարոն [Վլադիմիր] Զելենսկուն, իսկ ընտրություններից հետո կընդունենք Ռուսաստանի նախագահ պարոն Պուտինին։ Մենք աշխատում ենք Սեւ ծովում անվտանգ նավարկությունը վերականգնելու եւ հացահատիկի անվտանգ առեւտուր ապահովելու ուղղությամբ»,-ասել է Էրդողանը եւ ավելացրել․ «Մենք կարծում ենք, որ պետք է խուսափել ցանկացած այնպիսի քայլից, որը կհանգեցնի տարածաշրջանում հակամարտությունների սրմանը եւ դրանց տարածմանը դեպի ՆԱՏՕ։ Ղեկավարվելով այն կարգախոսով, որ պատերազմը հաղթողներ չունի, իսկ խաղաղությունը՝ պարտվողներ, մենք շարունակում ենք մեր ջանքերը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղություն հաստատելու ուղղությամբ»։