Ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի, բայց ուկրաինական հակամարտության ժամանակ միջուկային զենք կիրառելու մտադրություն չի ունեցել։ Այս մասին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «РИА Новости» գործակալության նախագահ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի ժամանակ։
Կիսելյովը միջուկային պատերազմին պատրաստ լինելու մասին հարցրը հնչեցրել էր՝ վկայակոչելով արմատական պահպանողական փիլիսոփա Ալեքսանդր Դուգինին, ով ուղղակիորեն կոչ է անում նախապատրաստվել գլոբալ բախմանը։
Պուտինը չի մեկնաբանել Դուգինի տեսակետները, սակայն ասել է, որ ռուսական բանակը պատրաստ է նման պատերազմի, իսկ նրա միջուկային ուժերը մշտապես գտնվում են բարձր պատրաստվածության մեջ։
«Ռազմատեխնիկական տեսանկյունից մենք, իհարկե, պատրաստ ենք։ Դրանք [միջուկային հրթիռները] մշտապես բարձր պատրաստվածության վիճակում են»,-նշել է Պուտինը:
Նա ռուսական միջուկային եռյակը նույնիսկ ավելի ժամանակակից է անվանել, քան ԱՄՆ-ինը:
ՌԴ նախագահը այս անգամ չի խոսել առաջինը միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին՝ նշելով, որ Ռուսաստանը նման քայլի կգնա, եթե ԱՄՆ-ն «սանձազերծի» միջուկային պատերազմ։ Նա նաեւ փաստացիորեն մերժեց Ռուսաստանում միջուկային փորձարկումներ իրականացնելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը չսկսի դրանք իրականացնել։
«Մենք ունենք մեր սեփական սկզբունքները։ Իսկ ինչի՞ մասին են դրանք խոսում։ Այն, որ մենք պատրաստ ենք օգտագործել զենք, ցանկացած զենք, այդ թվում՝ ձեր նշածները, եթե խոսքը գնում է ռուսական պետության գոյության մասին, մեր ինքնիշխանությանը եւ անկախությանը վնասելու մասին»,-ասել է ՌԴ նախագահը։
Հարցին, թե արդյո՞ք 2022 թվականի աշնանը ռուսական բանակի ձախողումների ֆոնին Ուկրաինայում մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառման պլաններ եղել են Պուտինը պատասխանել է, որ «նման անհրաժեշտություն երբեք չի եղել», քանի որ ճակատը չի փլուզվել, իսկ ռուսական զորքերը Խերսոնը լքել են ծրագրի համաձայն։