ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հետեւել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀԱՊԿ-ին անդամակցության հեռանակրների վերաբերյալ մարտի 12-ի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարություններին եւ այդ առիթով պարզաբանումներ կփորձի ստանալ։
«Իհարկե, մենք լսել ենք այս հայտարարությունները։ Բնականաբար, դեռ շատ աշխատանք կա առջեւում։ Մեզ անհրաժեշտ են երկկողմանի շփումներ ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ մեր հայ գործընկերների հետ։ Մենք կպարզաբանենք եւ կխոսենք Հայաստանի վարչապետի հայտարարություններին համապատասխան»,-ասել է Պեսկովը։
Նախօրեին վարչապետ Փաշինյանը անդրադառնալով ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման շուրջ ավելի վաղ հնչեցրած հայտարարություններին նշել էր, որ Երեւանը փաստացի չի մասնակցում կառույցի նիստերին, չունի մշտական ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում, չի օգտագործում իր քվոտան գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու համար, կարծիք չի արտահայտում ՀԱՊԿ-ում շրջանառվող փաստաթղթերի վերաբերյալ։ Վրաչապետն ընդգծել էր, որ այս ամենի գլխավոր պատճառը ՀԱՊԿ-ի կողմից իր պատասխանատվության գոտին ՀՀ տարածքում չնշելն է։
Փաշինյանը հավելել էր, որ եթե կառույցը շարունակի չնշել իր պատախսանատվության գոտին, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։