Վարչապետ Նիկոլ Փաշինյանն վերջին ասուլիսում խոսել է Ադրբեջանի տարածքային պահանջներից, մասնավորապես Տավուշի չորս գյուղերի հանդեպ նկրտումներից եւ այդ խնդիրը դիտարկել սահմազատման ու սահմանագծման գործընթացի տրամաբանության մեջ։
Ինչո՞ւ ենք պատրաստ գնալ զիջումների, այն պատճառով որ չե՞նք սիրում Հայաստանի Հանրապետությունն ու նրա ժողովրդին, ուղիղ հակառակը՝ այն պատճառով, որ սիրում ենք Հայաստանի Հանրապետությունն ու նրա ժողովրդին եւ չենք ուզում նոր տառապանքներ բերել այդ ժողովրդին։ Եվ այս տրամաբանությամբ գնալու ենք լուծումների։
Նա նշել է, որ իշխանության մոտեցումն այս հարցում ոչ թե աքսիոմատիկ է (հասկանալ անզիջում ու քարացած), այլ՝ թեորեմային՝ հասկանալ ապացուցման կարիք ունեցող եւ, հետեւաբար, քննարկում ու նահանջ ենթադրող։
Փաշինյանը հավելել է, որ իշխանության դիրքորոշումը նույնն է թե՛ Վայոց Ձորի, թե՛ Սյունիքի սահմանների դեպքերում։ Նոր տառապանքներ չբերելու տրամաբանության մեջ էր նաեւ Հայաստանը ՀՀ ԱԺ փոխնախագահի բերանով «Լեգիտիմ թիրախ» հայտարարելն ու զիջումների պատասխանատվությունն ու Ալիեւի հնարավոր ագրեսիան լեգիտիմացնելը։
Ի վերջո, Փաշինյանը ՀՀ քարտեզի ուրվագիծը ցուցադրելով, ասում է. «Տավուշում ճանապարհներ կան, մասնավորապես, Ոսկեպար գյուղի հատվածում, որ տեսնում ենք՝ ճանապարհի մի կտոր դե յուրե Հայաստանի գիծը հատում է, նորից մտնում Հայաստանի տարածք։ Նախկինում քննարկումներում ֆոն կար․ որտեղ ճանապարհ կա, այդ հարցը լուծենք հետեւյալ կերպ՝ ճանապարհի հատվածը պահենք, ուրիշ տեղից համարժեք չափով տանք։ Բայց հետագայում ինքս եկել եմ այն եզրակացության, որ պետք չի այդպես վարվել, որովհետեւ դա ստեղծում է լրացուցիչ անորոշություններ, եւ պետք է (փոքր մի քանի կտոր կա)՝ այն ճանապարհները, որոնք դուրս են գալիս ՀԽՍՀ դե յուրե տարածքից, ոչինչ, մի քիչ վերակառուցել այլ կերպ։ Ուզում եմ ասել, որ արդեն այդ հանձնարարականը տվել եմ։ Առաջիկայում մեր այդ գյուղերի բնակիչներին պատեհ առիթով կասեմ, թե ինչու եմ այդպես մտածում»։
ՀՀ պաշտպանունակության ու միջազգային հարաբերությունների այս իրավիճակում Տավուշի մարզի սահմանազատումը կլինի Ադրբեջանի թելադրանքով. հաղթողի դիրքերից պատրադրվող սահմագծում ու սահմանազատում։
Պարզապես, ի տարբերություն հետպատերազմյան Սյունիքի, երբ Ադրբեջանը ուղղակի փակեց ճանապարհները եւ հարկադրեց Հայաստանին նոր ճանապարհներ կառուցել, այս պարագայում իրավիճակը «բարեհաջող է»։ Սահմանազատման գործընթացին զուգահեռ կընթանա նաեւ միջպետական ճանապարհների վերակառուցումը՝ սահմանից դեպի խորքեր։
Իշխանության ու, մասնավորապես, Փաշինյանի տրամաբանությունը իր պարզության եւ թափանցիկության մեջ անբեկանելի է, ազնիվ եւ գրեթե «եթե»-ներ չենթադրող։ Փաշինյանն ամբողջ 3.5 ժամ խոսում էր «համոզելու» համար, որ սիրում է մեզ, չի ուզում նոր տառապանքներ (նոր պատերազմ) բերել եւ դրա համար գնալու է այդպիսի «լուծումների»։
Տավուշի գոտում դեպի Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհը երեք հատվածով հատում է Ադրբեջանի ԽՍՀ նախկին վարչական սահմանը։ Այն ընդհանուր երկարությամբ մտնում է Ադրբեջանի տարածք մոտ 2.2 կմ-ի չափով։ Արդյունքում Հայաստանը ստիպված է լինելու վերակառուցել շրջանցիկ հատվածներ որոնք տեղ-տեղ անցնելու են անտառապատ եւ լեռնային տարածքներով՝ ապահովելով անվտանգությունն ու սահմանից հեռու լինելը։
Ավելին, Սոֆուլու-Բարխուդարլու անկլավի տարածքով է անցնում Իջեւանը Վազաշեն գյուղին կապող մայրուղու մոտ 2.4 կմ ճանապարհը, որը նույնպես լոգիստիկ ու պաշտպանական վերակառուցումների նոր լուծումներ կպահանջի։
Մյուս կողմից, Ադրբեջանն էլ «դրախտում» չի հայտնվելու։ Եթե նախկինում բանակցված «անկլավային փոխանակման» սկզբունքներում՝ Արծվաշենի ավելի մեծ տարածքը առաջարկվում էր փոխանակել Ադրբեջանի ավելի փոքր անկլավների հետ եւ դրանով լոգիստիկ ու պաշտպանական, տնտեսական բազմաթիվ խնդիրներ էին օրակարգից դուրս գալիս, ապա հիմա Ադրբեջանը դեմ է այդ տարբերակին եւ պահանջում է իր բոլոր անկլավներն առանձին-առանձին։
Այս պարագայում Հայաստանը հարկադրված է լինելու Ադրբեջանին «տրամադրել» միանգամից հինգ փոքր անկլավի հասանելիություն՝ դրանից բխող «տհաճ» հետեւանքներով։ Ադրբեջանն իր հերթին կարիք է ունենալու «խնդրել» Հայաստանից առանձին կապ, անվտանգության երաշխիքներ, տարբեր հաղորդակցուղիների անցկացում եւ այլն։
Իհարկե, կողմերի համաձայնությամբ նման նախագծերն ու առաջարկները կարող են լուծվել թե՛ փոխադարձ, թե՛ միջազգային ձեւաչափով, սակայն Ադրբեջանը, վստահաբար, դրանք Հայաստանի վրա հավելյալ ճնշումների ու լծակների միջոցներ է դարձնելու՝ սեփական բնակչության պաշտպանության, հասանելիության ու անվտանգության պահանջներ առաջ քաշելով։ Եվ, դրանով իսկ, ոչ միայն չի թուլացնի լարվածությունն ու թշնամանքը, այլեւ հակառակը՝ էլ ավելի կխորացնի հակամարտության պայթունավտանգ օջախները, թնջուկներն ու առիթները։
Ամփոփելով, անկլավների խնդրի այսպիսի լուծումը ենթադրում է մի կողմի գերակայություն մյուսի նկատմամբ, երբ մեր մեկ Արծվաշենին փոխարինելու են 4-5 ադրբեջանական անկլավ։ Այս պարագայում անկլավների նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելով՝ հնարավոր կլինի «ազդել» արտաքին աշխարհի հետ մյուս կողմի տրանսպորտային կապերի վրա եւ, հետեւաբար, սահմանային խնդիրների նմանատիպ «լուծումից» հետո, ներկայիս դիմակայությունն ու լարվածությունը անխուսափելիորեն կշարունակվի։
Հետեւաբար, այս ձեւով սահմանազատումն ինքնին հակամարտությունների կարգավորման տարրից վերածվում է այն ավելի խորացնելու միջոցի՝ տապալելով մի կողմի ռազմավարական առավելությունները եւ թուլացնելով մյուսի դիրքերը։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։