Նախորդ ամիս ռուսական քրեակատարողական հիմնարկում մահացած ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան արեւմտյան երկրներին կոչ է արել չճանաչել մարտի 17-ին կայանալիք ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները եւ Վլադիմիր Պուտինին չդիտարկել որպես Ռուսաստանի օրինական նախագահ։
Մարտի 13-ին The Washington Post պարբերականի սյունակում Նավալնայան գրում է․ «Աշխարհը վերջապես պետք է ընդունի, որ Պուտինն այն չէ, ով կցանկանար երեւալ: Նա ուզուրպատր է, բռնակալ, ռազմական հանցագործ եւ մարդասպան։ Պուտինին պետք է դիտրակել որպես հանցավոր խմբավորման առաջնորդ»։
Ավելի վաղ Նավալնայան եւ իր ամուսնու ընդդիմադիրի համախոհները Պուտինին մեղադրել էին Ալեքսեյ Նավալնիի սպանության մեջ։ Նրանք, մասնավորապես, պնդում էին, որ Նավալնին սպանվել է քրեակատարողական հիմնարկում՝ նրա փոխանակումը խափանելու համար։ Սակայն այս պնդումները հաստատող ապացույցներ դեռեւս ներկայացված չեն։ Ռուսական իշխանություններն էլ պնդում են, որ Նավալնին մահացել է բնական մահով։
The Washington Post-ում (Նավալնիի համախոհները ռուսերեն թարգմանված մի շարք մեջբերումներ են հրապարակում դրանից) վերնագրված է «Պուտինը ոչ թե քաղաքական գործիչ, այլ ավազակ է»։
Այն սկսվում է այն հայտարարությամբ, որ Նավալնին սպանվել է քրեակատարողական հիմնարկում Ռուսաստանում նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ «Պուտինի անմիջական հրահանգով»։
Նրա կարծիքով՝ Պուտինին կարող են հաղթել կամ «պատժել», եթե կասկածի տակ դրվի նրա կարգավիճակը, իսկ Պուտինի՝ որպես լեգիտիմ նախագահ չճանաչելը կարեւոր ազդանշան կլինի Ռուսաստանի քաղաքացիական հասարակության եւ էլիտաների համար։
Նավալնայայի մեկ այլ առաջարկներից է Պուտինի մերձավոր շրջապատի դեմ սահմանված պատժամիջոցների խստացումը եւ Ռուսաստանի իշխանությունների հազարավոր ներկայացուցիչների կամ նրանց հետ առնչվող անձանց նկատմամբ նորերը սահմանելը։ Նավալնայան նաեւ կոչ է անում աջակցել Ուկրաինային՝ նշելով, որ պատերազմում պարտությունն ինքնին չի հանգեցնի Պուտինի անկմանը։ Ուստի, նրա կարծիքով, կարեւոր է հենց Ռուսաստանում հակապուտինյան ուժերին աջակցելը։ Նա նշում է, որ նույնիսկ ռեպրեսիաների պայմաններում Ռուսաստանում շատ մարդիկ շարունակում են ընդդիմանալ Պուտինին եւ պատերազմին։
Նավալնայան նշել է, որ իր ամուսնու կողմից ժողովրդին ուղղված վերջին ուղերձը վերաբերվել է մարտի 17-ին «Կեսօր ընդդեմ Պուտինի» հանրահավաքին մասնակցելը։
«Մի ճանաչեք կեղծված ընտրությունների արդյունքները, մի ճանաչեք Պուտինին որպես լեգիտիմ նախագահ»,- գրում է նա։