Կորսիկայում՝ կղզու ինքնավարության համար ազգայնականների զինված պայքարի մեկնարկից կես դար անց, Փարիզը պատրաստակամություն է հայտնել սահմանադրական ճանապարհով փոփոխության ենթարկել Ֆրանսիայի 18 շրջաններից մեկի կարգավիճակը։
Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել մարտի 12-ին Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունում երկրի իշխանությունների եւ Կորսիկայի վարչական ղեկավարության միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյուքնում։ Կողեմրի միջեւ փոխհամաձայնեցված օրինագիծը նախատեսում է Ֆրանսիայի Հանրապետության կազմում Կորսիկայի ինքնավար կարգավիճակի ճանաչում։
Ըստ սահմանադրական օրենքի նախագծի Կորսիկային նոր կարգավիճակի շնորհումը «հաշվի է առնում տեղի բնակչության շահերը՝ կապված Միջերկրական ծովում իրենց կղզու տարածաշրջանային դիրքի հետ՝ պատմական ու մշակութային յուրահատկություններով»։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դամանինը նշել է, որ բանակցությունների արդյունքում երկու կողմերն էլ համաձայնել են, որ «կղզում կարող են ընդունվել օրենքներ եւ կանոնակարգեր Ֆրանսիայի բարձրագույն դատարանների հսկողության ներքո»։
2023-ի ամռանն այցելելով Կորսիկա՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել Ֆրանսիայի սահմանադրության տեքստում կղզու ինքնավար կարգավիճակի ամրագրման հավանականությունը։
«Եկեք համարձակ լինենք եւ ձեւակերպենք Կորսիկայի ինքնավարությունը Հանրապետության շրջանակներում։ Այս ինքնավարությունը պետք է լինի համատեղ ապագա կառուցելու միջոց՝ առանց պետությունից անջատվելու։ Դա չի լինի ինքնավարություն ընդդեմ պետության, ոչ էլ ինքնավարություն առանց պետության։ Բայց սա Կորսիկայի համար կլինի ինքնավարություն՝ Հանրապետության շրջանակներում»,-ասել էր Մակրոնը իր այցելության ժամանակ։
Կորսիկան Ֆրանսիայի կազմ է ընդգրկվել XVIII դարում։ 1976-ից կղզու անկախացման համար զինված պայքար է մղել «Կորսիկայի ազատագրության ազգային ճակատ» կազմակերպությունը։
Մակրոնի խոսքերին ընդհանուր առմամբ դրական են արձագանքել ինքնավարության կողմնակիցները։ Նրանց թվում է նաեւ Կորսիկայի Ազգային կուսակցության խմբակցության ղեկավար Ժան-Քրիստոֆ Անջելինին։
«Ես գոհ եմ, որովհետեւ եզակի համայնքի ապագայի մասին խոսակցություններ լսելը, մեր կղզին Սահմանադրության մեջ ներառելը, լեզվի ու հողի հարստության մասին խոսակցություններ լսելը հետաքրքրության եւ գոհունակության լավ պատճառներ են։ Միեւնույն ժամանակ, ես զգուշանում եմ, քանի որ բոլորս գիտենք, որ այս փուլում դա բավարար չէ քաղաքական լուծումը երաշխավորելու համար, եւ որ առաջիկա ամիսներին դեռ շատ աշխատանք ունենք անելու»,- ասել է Անջելինին։