2013 Մարտի 10-ից հացադուլ հայտարարած նախագահի թեկանածու Րաֆֆի Հովհաննիսյանը լուրջ չի վերաբերվում Սերժ Սարգսյանին ուղղված Վլադիմիր Պուտինի շնորհավորանքին, որտեղ վերջինս նշում է, որ Սերժ Սարգսյանը հաղթել է 60 տոկոս քվեով։ «Господин Путин ошибается։ Ռազմավարական գործընկերությունն այդպես չի արվում։ Ժողովրդի հետ պիտի լինի մեծն Ռուսաստանի համագործակցությունը»,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Չորս ոչ իշխանական ուժերի համագործակցությունը թափ է հավաքում: Ըստ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի, նախագահ Սերժ Սարգսյանը շատ է օգնում դրան: «Փառք Աստծո, Սերժ Սարգսյանը օգնում է այնքան խնդիրներ գտնել, որտեղ մեր շահերը համընկնում են»,- ասում է Արամ Մանուկյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանն իր խոսքի տերն է՝ սահմանադրական փոփոխություններից հետո նա չի հավակնի ոչ վարչապետի, ոչ էլ նախագահի աթոռին. «Պատմության մեջ երբեւէ ինքը իր խոսքերից չի հրաժարվել»։
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ Հայաստանում գրքերը շարունակում են լույս տեսնել 500-1000 օրինակ տպաքանակով, որոնց գոնե կեսը հաճախ չի վաճառվում: «Հովիկ Աբրահամյանը կարդո՞ւմ է, թե՞ չէ, ես չգիտեմ: Սերժ Սարգսյանը կարդո՞ւմ է, թե՞ չէ, ես չգիտեմ: Այսինքն, իշխանության ներկայացուցիչները որքանո՞վ են ներգրավված այս պրոցեսում»,- հարցնում է պարոն Մարտիրոսյանը:
Հայաստանի փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի բարեկամն է Ջրառատում զենքով հարձակվում է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի կողմնակիցների վրա: Ոստիկանությունն անմիջապես ձերբակալում է կողմնակիցներից մի քանիսին: Սեյրան Օհանյանը չարացած չէ. «Իրավապահ մարմինները օրենքի շրջանակներում աշխատում են եւ իրենց ես խնդրել եմ եւ հորդորել, որ այդպես չի կարելի»:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը սարսափով է արձանագրում, որ Հայաստանի պետական պարտքը հատել է 7 միլիարդ դոլարի սահմանը եւ իշխանությունը չի էլ ուզում գոտիները ձգել: «ՀՀ ոստիկանության բյուջեն տարեցտարի ավելանում է. 2008 թվականին ոստիկանության բյուջեն 31 մլդ դրամ էր, 2016 հասել էր 64 մլդ-ի։ «Գոտիները ձգելու» լավագույն տարբերակը հենց այստեղ է»,- ասում է Արմեն Գրիգորյանը:
«Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» ողջունում են Ստեփանակերտում Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության խորհուրդների նիստի անցկացումը։ «Ես կարող եմ գրել եւ ստորագրել՝ լուծումը միայն միասնականությունն է, որ պետք է մենք կարողանանք ինչ ունենք կրկնապատկենք, եռապատկենք՝ ուժեղի հետ են հաշվի նստում»,- ասում է ԲՀԿ ղեկավարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կորոնավիրուսով պայմանավորված հասարակությունը պետք է սովորի վարվելակերպ փոխել՝ չհամբուրվել աջ ու ձախ ու ձեռք սեղմել։ «Հո ոստիկան չենք դնելու, ասենք՝ ով որ փողոցում տեսնեք համբուրվելով ա բարեւում, իրանց բերման ենթարկեք ոստիկանություն։ Ուղղակի մենք մեր որոշմամբ պետք է մեր սովորույթը փոխենք»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներն բողոքի ակցիա են անում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, որտեղ հանդիպում են նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եզրակացություն անել, թե երբ կբարեհաճի այդ սոսնձված մարդն (Նիկոլ Փաշինյանը-խմբ.) իրեն հեռացնի այդ աթոռից, շատ դժվար է, բայց որ քիչ է մնացել ու հաղթանակը մոտ է, ցուցիչը դրա այս ամենն է»,- ասում է ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը:
Ազգային ժողովի հատուկ նիստում 62-ամյա Վահագն Խաչատրյանը երդմամբ ստանձնում է Հայաստանի հինգերորդ նախագահի պարտականությունները։ «Երկփեղկված է մեր ժողովուրդը ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում՝ պայմանավորված հայրենիքում տեղ գտնող մտահոգիչ զարգացումներով, ինքնության ճգնաժամով եւ ներքին խնդիրներով»,- հենց արարողության ժամանակ հայտարարում է կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Ստեփանակերտում մերժում են վերաինտեգրման շուրջ Բաքվում քննարկումներ անցկացնելու Ադրբեջանի իշխանությունների առաջարկը։ «Արցախցին պատրաստ է մինչեւ վերջին կաթիլ արյունը տալ»,- ասում է Արցախի ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: