Մոսկվան անհանգստացած է ՀԱՊԿ-ի նկատմամբ «Հայաստանի ղեկավարության վերջնագրային եւ վիրավորական հռետորաբանությունով»։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին։
«Մենք երբեք կասկածի տակ չենք դրել, չենք դնում եւ չենք դնի ցանկացած պետության իր արտաքին քաղաքական կուրսը, ներառյալ միջազգային եւ տարածաշրջանային որոշակի կառույցների աշխատանքին մասնակցության աստիճանը որոշելու ինքնիշխան իրավունքը, որը այն կիրականացնի ելնելով իր ազգային շահերից եւ ընդունված պարտավորություններից»,-հայտարարել է Զախարովան եւ ավելացրել, որ իր ասածը հավասարապես վերաբերվում է նաեւ ՀԱՊԿ-ին։
Սակայն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ընդգծել է, որ միեւնույն ժամանակ, մեզ Մոսկվային «չի կարող չանհանգստացնել հակաարդյունավետ եւ վերջնագրային, երբեմն էլ վիրավորական հռետորաբանությունը, որն այսօր գերիշխում է կազմակերպության թեմայի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության հայտարարություններում եւ բառիս բուն իմաստով ներդրվում է հայ հասարակության մեջ»։