«Այս պահին մենք Ռուսաստանից ունենք տարբեր՝ թե ներմուծման, թե արտահանման, թե էներգետիկ ուղղություններով, բավականին մեծ կախվածություն: Կարծում եմ, ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի դա, պետք է դիվերսիֆիկացնել, որպեսզի մեր սուվերենությունը բարձրացնենք։ Այս պայմաններում ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր որոշումը կարող է ռիսկային լինել»,- ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է ֆինանսապես ավելի ձեռնտու՝ մնալ ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ գնալ ԵՄ:
Օրեր առաջ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ Թուրքիայի լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե «գաղտնիք չեմ բացահայտեի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաեւ ԵՄ-ին անդամակցության գաղափարը»։ Իսկ մարտի 13-ին արդեն Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով Եվրոպական դաշինքի գործադիր իշխանություններին՝ Հանձնաժողովին ու Խորհրդին կոչ արեց ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու, ինչպես նաեւ տնտեսական գործընկերության, քաղաքական երկխոսության, անվտանգության հարցերում։
Բայց մինչ այս հեռանկարներն իրականություն կդառնան կամ չեն դառնա, Հայաստանը խորացնում է իր տնտեսական ակտիվությունը հակառակ բեւեռի՝ ԵԱՏՄ-ի, ավելի ճիշտ՝ այդ կառույցում առաջատար Ռուսաստանի հետ։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո այդ երկրի հետ մեր առեւտրաշրջանառությունը կտրուկ ավելացավ՝ եթե 2021 թվականին այն կազմել է 2 մլրդ 629 մլն դոլար, ապա անցած տարի եռապատկվել եւ հասել է 7 մլրդ 306 մլն դոլարի։
Զուգահեռաբար 2021-ին ԵՄ երկրների հետ Հայաստանն իրականացրել է 1 մլրդ 587 մլն դոլարի առեւտուր։ Ճիշտ է, այս ուղղությամբ թվերը նույնպես մեծացել են, բայց ոչ այնքան, որ համեմատելի լինի Ռուսաստանի հետ՝ 2023-ին հասել է ընդամենը 2 մլրդ 672 մլն դոլարի։ Այսինքն Հայաստանը ԵՄ երկրների հետ գրեթե 3 անգամ քիչ առեւտուր ունի։ ԵՄ շուկայում տեղ ունենալը շատ դժվար է, նախ պետք է այդ կառույցների պահանջները բավարարող ապրանք արտադրել։ Ռուսաստանը նման պահանջ չի դնում, նրա պահանջները հիմնականում քաղաքական են։
Հայտնի չէ, թե երբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, անգամ եթե ավարտվի, ապա Ռուսաստանի նկատմամբ արեւմուտքի պատժամիջոցները կշարունակվեն, եւ Հայաստանը կարո՞ղ է առնվազն հինգ տարի ներմուծել-վերաարտահանել, ավելացնել այդ երկրի հետ առեւտուրն ու մեր պետական բյուջեն։ Մեր պաշտոնյաները հայտարարում են, որ ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ԵԱՏՄ-ն մեր երկրի համար արդյունավետ է։
Բայց արդյոք հնարավոր է Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող ինտեգրացիոն մի կառույցից՝ ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց մյուսում՝ մնալ։ Կամ մնալ ԵԱՏՄ-ում եւ միաժամանակ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսել։ Դժվար թե։ Այնուամենայնիվ, ինչ կլինի, եթե ՀԱՊԿ-ի նկատմամբ մեր կոշտ դիրքորոշման կամ ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու արդյունքում Ռուսաստանն ինքը տնտեսական պատժամիջոցներ կիրառի, ինչպես դա անում է այն երկրների դեպքում, որոնք չեն ենթարկվում իրեն։
Առաջին քայլն, իհարկե, կլինի էներգետիկ ռեսուրսները՝ գազը եւ նավթամթերքը, թանկացնելը կամ ընդհանրապես մատակարարումը դադարեցնելը։ Դե, հարեւան Իրանից կներկրենք։ Բայց արդյոք այդ երկիրը մեզ Ռուսաստանից ավելի էժան գազ կվաճառի։ Գրեթե օր չկա, որ Իրանը չհայտարարի, որ Հայաստանի հետ ունեցած սահմանը կարմիր գիծ է իր համար եւ չի հանդուրժի դրա փոփոխությունը։ Եթե այդպես է, ապա ինչու է պարբերաբար արգելում իր տարածքով զենքի տեղափոխումը մեր երկիր։ Արգելել էր 44 օրյա պատերազմի օրերին, արգելել է նաեւ դրանից հետո, անգամ՝ անցած տարի։
Իրանն առայժմ իր արտաքին քաղաքականությունը վարում է Ռուսաստանի հետ դրական հարաբերություններ պահպանելու ուղղությամբ, եւ իր քայլերը դրանով են պայմանավորված։ Բացի այդ Իրանը Թուրքիայի հետ ունի համաձայնություն, որ տարածաշրջանում գազն ավելի էժան չի վաճառի։ Իրանը Թուրքիային 165 դոլարից ավելի բարձր գնով է գազ վաճառում, հենց այդքանով սահմանին մենք գնում ենք Ռուսաստանից։ Այսինքն չենք կարող ասել, որ Իրանը մեզ գազն ավելի ցածր գնով կտա։
«Ատոմակայանն էլ կառավարում է Ռուսաստանը, վառելիքն էլ մատակարարում է։ Ընդհանուր առմամբ մեր էներգետիկ հնարավորությունների 75-80 տոկոսն այդ երկրից է գալիս»,- հիշեցնում է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
Առանց հիշեցնելու էլ գիտենք, որ ՌԴ-ից է ներկրվում մեկ այլ ռազմավարական նշանակության ապրանք՝ հացահատիկն ու ալյուրը։ ՌԴ-ից Հայաստան տարեկան ավելի քան 2 մլրդ դոլար է մտնում եւ այդպես շարունակ։ Նույնն էլ վերաբերում է արտահանմանը՝ միայն ալկոհոլային խմիչքների 80-90 տոկոսը Ռուսաստան է գնում։ Այդ երկրին է բաժին ընկնում նաև մեր վերամշակված սննդի արտահանման գերակշիռ մասը։
ՀԱՊԿ-ից դուրս գալու արդյունքում տնտեսական այս կառույցները կփլուզվեն, եւ մեր տնտեսությունը կաթվածահար կլինի, կհայտնվի, այսպես կոչված՝ մութ ու ցուրտ տարիներից էլ վատ վիճակում։ Բայց մյուս կողմից Հայաստանը չի կարող անընդհատ իր ինքնիշխանության ու տարածքների հաշվին վճարել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Ռուսաստանի շահերի համար։ Եվ եթե մեր անկախության գինը գազի թանկացումը եւ Ռուսաստանի շուկան կորցնելն է, ուրեմն պետք է դիմանալ այդ զրկանքներին։
Բայց ինչու պետք է ծանր զրկանքներ կրենք։ Չէ՞ որ տարիներ շարունակ այդ վտանգը մեր գլխին կանգնած էր, եւ ինչպես Վահե Հովհաննիսյանն է ասում, պետք է «դիվերսիֆիկացնել մեր կախվածությունը» Ռուսաստանից։ Ինչո՞ւ չենք պատրաստվել այդ հեռանկարին, ինչո՞ւ ՀՀ արտադրանքը պատրաստ չէ ռուսական ցածրորակ շուկայից զատ նաեւ բարձր պահանջարկ ունեցող արեւմտյան շուկայում տեղ ունենալ։ Ոչ միայն ներկրված սպիրտով կոնյակի անվան տակ ինչ-որ կարմրավուն ալկոհոլ Ռուսաստան եւ Բելոռուս հասցնել, այլեւ խաղողով արտադրված բարձրորակ կոնյակ եւ գինի եվրոպական երկրներ արտահանել։
Տնտեսագետ Արմեն Քթոյանը, սակայն, ասում է, իրականում մեր տնտեսվարողները դիմադրում են այս փոփոխություններին։ «Եվրոպական չափանիշներին համապատասխանող ապրանք արտադրելու համար պետք է գումար ծախսել եւ համապատասխան տեխնոլոգիաներ ներդնել։ Բացի այդ՝ պետք է լրացուցիչ գումարներ ծախսել ու մարքետինգային աշխատանք տանել արեւմտյան շուկաներում։ Արտադրողների մեծ մասը չի ցանկանում դրա համար ներդրումներ անել, հատկապես որ Ռուսաստանն ընդունում է իրենց ցածրորակ ապրանքը։ Ներսից դիմադրությունը մեծ է»,- հավելում է տնտեսագետը։
Գինեգործները պատմում են, որ վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանի նախագահ Սահակաշվիլին ընդունել է գինի արտադրողներին եւ լսել նրանց դժգոհությունները, թե Ռուսաստանը փակել է դռներն իրենց առաջ, Եվրոպան էլ վրացական արտադրանք չի ընդունում։ Սահակաշվիլին նրանց առաջարկել է տեղում խմել իրենց արտադրանքն ու խոստովանել՝ արդյոք դրանք եվրոպական ստանդարտներին համապատասխան գինիներ են, որ Եվրոպան ընդունի։ Երբ լսել է «ոչ այնքան» խոստովանությունը, առաջարկել է բարձրացնել որակը եւ խոստացել, որ այդ դեպքում նրանց համար կապահովի եվրոպական շուկաներ։
Ինչու մեր հեղափոխական իշխանություններին հաջողվեց զինտեխնիկայի գնումն այնքան դիվերսիֆիկացնել, որ Ռուսաստանի գրեթե 100 տոկոսանոց բաժինը հասավ 8-9 տոկոսի, բայց նույնը չի հաջողվում տնտեսության մեջ, արտահանման ու ներկրման դեպքում։ Մի՞թե ԵՄ-ն, որ որոշել է Հայաստանին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալ, շուկաներն էլ կբացի։ Այս հեռանկարի հետեւից գնացող իշխանություններն ինչո՞ւ նախապես չեն պատրաստում մեր տնտեսվարողներին այդ ցավոտ փոփոխությանը։ Եվ ինչո՞ւ հիմա չեն բացատրում, թե ինչ է սպավում նրանց։ Հանուն մեր երկրի տնտեսության եւ անվտանգության հայ գինեգործը եւ ընդհանրապես բոլոր գործարարներն իրավունք ունեն իմանալու, թե ինչ է սպասվում իրենց առաջիկայում։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։