Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է 2024 թվականի փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու դեպքի բացահայտման մասին։
Նշվում է, որ նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն եւ նախաքննությամբ դեռեւս չպարզված անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, Հայաստանում գործող իշխանության հետ ունենալով գաղափարական թշնամանք, կազմակերպել են 2024 թվականի փետրվարի 10-ին Երեւան քաղաքի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում, իսկ փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 եւ Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչությունների կատարում:
Այսպես, Գ.Ս.-ն բնակչությանն ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության ներկայացուցիչ եւ հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Մելքոնյանին քաղաքական կոնկրետ հայտարարություններից ու դիրքորոշումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու եւ այդպիսով հանրային իշխանության մարմիններին ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի կոնկրետ լուծումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կազմակերպել է Ա.Գ.-ի եւ Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն, այն է՝ Գուրգեն Մելքոնյանի բնակության վայրի հարակից տարածքի քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաեւ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված պայթյուն կատարելը:
Քննչական կոմիտեն նշում է, որ Ա.Գ.-ն, Է.Պ.-ի հետ նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024 թվականի փետրվարի 10-ին իր բնակության վայրում նրան է փոխանցել նախապես պատրաստված, փշրտող գործողության տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն պայթեցման սարքը եւ այն գործարկման վիճակի բերելու համար անհրաժեշտ մարտկոց, բացատրել վերջինը պայթուցիկ սարքի մեջ տեղադրելու եղանակը: Դրանից հետո վերջիններս, կիրառելով քողարկման ու չբացահայտվելու համար անհրաժեշտ որոշակի միջոցներ, ուղեւորվել են դեպի Երեւան քաղաքի Նոյ թաղամասի նախապես որոշված հասցե, որտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե Երեւան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ի կողմից իրեն փոխանցված՝ ավերածություններ գործելու համար պիտանի պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է դեպի հիշյալ առանձնատան աջ անկյունային հատվածը: Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին, տեղի է ունեցել նշված պայթեցման սարքի պայթյունը, որը զուգորդվել է քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու իրական վտանգով։
Բացի այդ, Վ.Հ.-ն, Գ.Ս.-ի եւ նախաքննությամբ դեռեւս չպարզված անձանց կազմակերպմամբ, բնակչությանը, ինչպես նաեւ դրա առանձին խմբին՝ մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու, հանրային իշխանության գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության մարմիններին, այդ թվում՝ հանրային իշխանության ներկայացուցիչ եւ հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանին իրենց համար անընդունելի քաղաքականություն վարելուց եւ քաղաքական դիրքորոշումներ պահպանելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու դիտավորությամբ, 2024 թվականի փետրվարի 20-ին, կիրառելով քողարկման եւ չբացահայտվելու համար անհրաժեշտ որոշակի միջոցներ, գնացել է Երեւան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ եւ ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ եւ պենտալիտ, իսկ որպես խոցման միջոց՝ հեղյուսներ եւ մանեկներ պարունակող, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։
Ապա նույն ժամանակահատվածում իր մոտ գտնվող, որպես խոցման էլեմենտներ՝ մանեկներ, իսկ որպես պայթուցիկ նյութ՝ անծուխ վառոդ պարունակող, մարդկանց կյանքից զրկելու, գույք վնասելու եւ ոչնչացնելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել է Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի եւ հրկիզման իրական սպառնալիք՝ զուգորդված քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետեւանքներ առաջացնելու վտանգով: Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել, եւ նշված հետեւանքները վրա չեն հասել պատահականությամբ՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմը հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:
Նշված արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկուսը ձերբակալված են: