Հայաստանի հետ կապերի ամրապնդման վերաբերյալ Եվրախորհրդարանի (ԵԽ) բանաձեւը Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտների վառ օրինակ է։
Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ կապված մարտի 13-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւի հետ, որում օրենսդիրները ԵՄ գործադիր կառույցներին խորհուրդ են տվել ամրապնդել հարաբերությունները Երեւանի հետ, ինչպես նաեւ Հայաստանի շահագրգռվածության դեպքում ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել։
«Եվրախորհրդարանի 2024 թվականի մարտի 13-ի բանաձեւը, լինելով անհիմն եւ կողմնակալ, մեր երկրի նկատմամբ նաեւ երկակի ստանդարտների վառ օրինակ է»,-ասվում է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ։
«Եվրախորհրդարանում, Հայաստանի եւ հայկական լոբբիի ազդեցության տակ գտնվող մի շարք շրջանակների կողմից առաջ քաշված այս բանաձեւը, չնայած ներկայացվել է որպես «խաղաղության խթանում» եւ, իբր նվիրված է Եվրամիության եւ Հայաստանի հարաբերություններին, սակայն այն Ադրբեջանի դեմ արշավի անբաժանելի մասն է, որտեղ բոլոր փաստերը կեղծված են»,-նշել է Հաջիզադեն հայտարարության մեջ։
Բաքուն Եվրախորհրդարանին նույնիսկ խորհուրդ է տվել «զբաղվել Եվրոպայի ավելի լուրջ խնդիրներով, ինչպիսիք են ռասայական խտրականությունը, իսլամաֆոբիան, այլատյացությունը, ծայրահեղականությունը եւ միգրանտների նկատմամբ անմարդկային վարքագիծը»։