Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ «ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբերը» (ԴՀԽ) Տետկինո գյուղի մոտ շարունակում են շրջանի տարածք ներթափանցելու փորձերը։
Ստարովոյտը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները եւ ռուս զինվորականները «թույլ չեն տվել եւ չեն տա նրանց դա անել»։
Մարտի 14-ին ավելի վաղ ռուս ռազմական բլոգերները եւ կառավարամետ հանրային էջերը հայտնել էին Բելգորոդի ուղությամբ սահմանը ճեղքելու «դիվերսանտների» փորձերի մասին, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Այդ մասին մասնավորապես գրել են ռազմական բլոգեր Ալեքսանդր Կոցը, WarGonzo եւ Mash տելեգրամյան ալիքները։ Նրանց տեղեկություններով մարտերը ընթանում են Սպոդարյուշինո գյուղի տարածքում։
Բելգորոդի շրջանի իշխանությունները եւ ՌԴ պաշտպանության նախարարությունը չեն մեկնաբանել մարտերի մասին հաղորդագրությունները։
Ուկրաինայի կողմից կռվող Ռուսաստանի կամավորական կորպուսը (ՌԿԿ) հայտարարել է, որ մարտի 14-ի առավոտյան Բելգորոդի շրջանում գնդակոծության հետեւանքով, սպանվել է Դմիտրի Գոլիշկին անունով զինվորականը։
Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն ավելի վաղ հայտնել էր քաղաքի մեկ բնակչի մահվան մասին, ում մեքենան ենթարկվել էր գնդակոծման։