Վերջին վեց ամիսները դարձել են Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Բաքվում մեկնարկված XI գլոբալ ֆորումի ժամանակ։
«Վերջին վեց ամիսը կարելի է համարել Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների պատմության ամենահանդարտ շրջաններից մեկը»,-ասել է Հաջիեւը եւ ավելացրել, որ Հարավային Կովկասն այլեւս չի ասոցացվում է պատերազմների ու մասնատումների հետ։ Նրա խոսքերով տարածաշրջանը վերածվել է «առաջ ընթանալու մտադրությունների» տարածաշրջանի։
Ավելին, Հաջիեւը կարծում է, որ «բոլորն են այժմ ականատես Հայաստանի հետ հարաբերությունների ջերմացմանը»։
«Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Բոլորը կոչ են անում Ադրբեջանին եւ Հայաստանին ստորագրել խաղաղության պայմանագիր։ Մենք նաեւ ձգտում ենք նպաստել խաղաղությանն ու ավելի մեծ համագործակցությանը։ Մենք կցանկանայինք, որ Հարավային Կովկասի փորձը տարածվեր այլ տարածաշրջաններում»,-հայտարարել է Ալիեւի օգնականը։