ՀԱԿ-ը միակ ուժն է, որը Սահմանադրական բարեփոխումները քննարկելու հրավեր Բաղրամյան 26-ից չի ստացել։
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ընդդիմադիր ուժերին էլ է պատասխանատու համարում այն բանի համար, որ հանրությունն ընտրությունների հանդեպ վստահություն չունի։ «ՀՀԿ-ն էլ, ՀԱԿ-ն էլ ընտրական հանձնաժողովներում ունեն մեկական ներկայացուցիչ։ Եթե նրանք կատարեն իրենց գործառույթները, հանրային վստահությունն անխուսափելիորեն կբարձրանա»,- ՍԴ-ում ասում է Դավիթ Հարությունյանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գիտի, թե ինչ է ընդդիմադիր դարձած ԲՀԿ-ի ուզածը։ «Հիմնական գաղափարներ, սկզբունքներ չկան, մարդիկ ասում են` մենք ուզում ենք գանք իշխանության, հեռացեք»,- պարզաբանում է Գալուստ Սահակյանը։
ՀԱԿ-ը միակ ուժն է, որը Սահմանադրական բարեփոխումները քննարկելու հրավեր Բաղրամյան 26-ից չի ստացել։ ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը չի էլ կասկածում, որ Սերժ Սարգսյանը ՀԱԿ-ին ասելիք չունի. «Ինչ իմաստ կա հրավիրել քննարկման այն մարդկանց, որոնք քննարկման որեւէ եզր չեն տեսնում»։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 1-ի դեպքերի հիմնական պատասխանատու է համարում այդ ժամանակվա իշխանությանը։ «Պատասխանատվություն ասելով՝ ես նկատի ունեմ քաղաքական պատասխանատվություն։ Եվ ցանկացած քաղաքական պատասխանատվության պատասխան տալիս է հանրությունը ընտրությունների ժամանակ։ Եթե ժողովուրդը դրական գնահատի իշխանությունների գործունեությունը, կողմ կքվեարկի, եթե չի վստահի Հանրապետականին, կողմ չի քվեարկի»,- թեման փակում է ՀՀԿ-ական փոխնախագահը։
Նոր Նորքում եւ Նորք Մարաշում ՀՀԿ-ի օգտին քարոզարշավ անող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանով կանայք հիացած են, բայց հարցեր ունեն՝ վերջն ի՞նչ է լինելու։ «Վերջը լավ է լինելու, ես էլ գնալու եմ մեր տուն»,- ծիծաղելով մարգարեանում է վարչապետը։
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսում է Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը կանխելուն ուղղված գործողությունների մասին եւ իշխանափոխության ճանապարհային քարտեզ է առաջարկում՝ 14+4 օրանոց գործողությունների ծրագիր։ Ընդդիմադիր պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը դեմ է փողոցային պայքարին․ «Պետք չէ համեմել մի բանով, որը վստահ չենք, որ կտանի հաղթանակի»։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայանում է մարտի 1-ին բանակը Երեւան բերելու գործով գործով իր կալանքը երկարացնելու դատախազության միջնորդության քննարկումը։ Նրա պաշտպան Ռուբեն Սահակյանը գործը համարում է տապալված․ «Դատախազության ասածը ջուր է»։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասնում է 15-ի, սա ամենաբարձրն է առաջին անգամ մեզ մոտ այն հայտնաբերելուց հետո։ Գրեթե բոլորը Էջմիածնում մի խնջույքի մասնակցած մարդիկ են։ «Կարող եմ ուրախությամբ ասել, որ Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել ենք գրեթե բոլոր շփվածներին, եւ էդ աշխատանքները շարունակվում են, եւ մեկուսացրել ենք նրանց»,- ասում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Իշխանությունը խոսում է ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։ Ընդդիմությունն ասում է, որ կհամաձայնի, եթե Փաշինյանը չմասնակցի այդ ընտրություններին։ «Այս տրամաբանությունը քննադատությանը չի դիմանում, որովհետեւ, ի վերջո, սա քաղաքական գործունեություն է, սա քաղաքական պայքար է, սա պետություն է, այս ամենը չպիտի առաջնորդվի ինչ-որ մեկի քմահաճույքով»,- ասում է «Իմ քայլը» իշխող խմբակցության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Իշխանությունը հայտարարում է, որ Հայաստանը երբեք էլ Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնություններ չի ունեցել։ Սակայն առայժմ ոչ ոք չի ասում՝ Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ «Խոսքը Արցախի հայ բնակչության իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու իրավունքն է, հետեւաբար ամբողջ համատեքստը կոնֆլիկտի՝ սկսած 1990-ականների սկզբից հենց սա է եղել, եւ այստեղ նորություն, ըստ էության, մենք չենք ասում»,- ասում է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Արցախի խորհրդարանական խմբակցությունները պահանջում են Հայաստանի իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Նրանց պահանջի պատճառն այն է, որ նախորդ օրվա ասուլիսում վարչապետը ոչինչ չասաց ինքնորոշման իրավունքի մասին։ «Արցախը ինչ-որ մեկի սեփականությունը չի, որ տա մեկ ուրիշին, հրաժարվի նրա անկախության իրավունքից»,- դժգոհում է շրջափակված երկրի ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը։