Ռուսական գերձայնային զենքը ՆԱՏՕ-ից պահանջում է ստեղծել հակաօդային պաշտպանության եւ հակահրթիռային պաշտպանության զանգվածային եւ բազմաշերտ համակարգ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը՝ ներկայացնելով դաշինքի անվտանգության մասին իր տարեկան զեկույցը։
«Գերձայնային հրթիռներն իսկապես լուրջ մարտահրավեր են եւ ցույց են տալիս, որ Ռուսաստանն իսկապես մեծ ներդրումներ է կատարում առաջադեմ սպառազինության համակարգերում։ Սա ցույց է տալիս ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության բազմաշերտ համակարգի, համակցված հակահրթիռային պաշտպանության եւ հակաօդային պաշտպանության անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ցույց է տալիս ոչ միայն բարձր որակի, այլ նաեւ մեծ քանակի կարեւորությունը»,-ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգը ընդգծել է, որ այն ռազմավարությունները, որոնք կիրառվում են Ուկրաինայում, ծանրաբեռնում են հակաօդային պաշտպանությունը, քանի որ հարվածները հասցվում են հրթիռների եւ անօդաչու սարքերի զուգահեռ ալիքներով։
Գլխավոր քարտուղարը լրագրողներին վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն «ունի այդ հրթիռներից պաշտպանվելու միջոցներ»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը որպես օրինակ ներկայացրել է Ուկրաինայում ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի օգնությամբ «մի քանի ռուսական գերձայնային հրթիռների» խոցման տեղեկությունները։