Եվրամիության 27 երկրների դեսպանները մարտի 13-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են 5 միլիարդ եվրոյի (5,48 միլիարդ դոլար) ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ Խաղաղության Եվրոպական հիմնադրամի թարմացման շրջանականերում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ուղերձը հստակ է. մենք կաջակցենք Ուկրաինային այն ամենով, ինչ անհրաժեշտ է հաղթելու համար», — որոշուման ընդունումից հետո X սոցիալական ցանցի իր էջում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
ԵՄ երկրները նման փոխհամաձայնության եկել են ամիսներ շարունակ բարեփոխումների եւ ապագա օգնության պայմանների շուրջ տիրող ներքին վեճերից հետո, որի մեջ ներգրավված են եղել նաեւ Ֆրանսիան եւ Գերմանիան։
Փարիզը եւ Բեռլինը երկար ժամանակ չէին կարողանում համաձայնության գալ նոր կանոնների շուրջ. Ֆրանսիական կողմը պնդում էր, որ հիմնադրամը պետք է վճարի միայն ԵՄ երկրներում արտադրված համատեղ գնված սարքավորումների համար, իսկ գերմանական կողմը խնդրում, որպեսզի Ուկրաինային հատկացված իր ռազմական օգնության ողջ ծավալը դիտարկվի որպես հիմնադրամում կատարված ներդրում։
Մարտի 12-ին տեղեկություններ հայտնվեցին, որ եվրոպական երկրները կարողացել են փոխզիջման հասնել, որը թույլ է տալիս որոշակի ճկունություն ունենալ զենքի գնումների կանոնների վերաբերյալ եւ հաշվի է առնում առանձին երկրների անհատական օգնությունը՝ միեւնույն ժամանակ թույլ չտալով ֆոնդին կատարած իրենց վճարումները հաշվարկելիս հաշվի առնել փոխանցված սարքավորումների ողջ արժեքը։
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան մեկնաբանելով ԵՄ երկրների ձեռք բերած կոնսենսուսը ասել է․ «Սա եվրոպական միասնության եւ մեր ընդհանուր հաղթանակին հասնելու վճռականության եւս մեկ հզոր եւ իր ժամանակին կատարված ցուցադրություն է։ Մենք անհամբեր սպասում ենք վերջնական որոշման հաստատմանը ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի հաջորդ նիստում»։
Զուգահեռաբար ԱՄՆ իշխանությունները հայտարարել են շուտով Ուկրաինա 300 մլն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի ուղարկման մասին, որը կներառի զինամթերք, զենք ու ռազմական տեխնիկա։ Սա 2024 թվականին ԱՄՆ-ից Ուկրաինային ուղղված առաջին օգնությունն է։
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ ֆինանսավորումը կուղղվի HIMARS հրթիռային համակարգերի համար հրետանային արկեր եւ զինամթերք ձեռք բերելուն։
«Այս զինամթերքը ուկրաինական հրետանուն թույլ կտա կրակել կարճ ժամանակով։ Դա բավարար չէ Ուկրաինայի զինամթերքի հետ կապված կարիքները հոգալու համար, եւ դա չի կանխի [զինամթերքի] պակասը»,-ասել է Սլիվանը լրագրողներին։
Սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտարարել է, որ դա բավարար չէ Կիեւին աջակցելու համար եւ եւս մեկ անգամ Կոնգրեսին կոչ է արել հնարավորինս արագ հաստատել ամբողջական օգնություն տրամադրելու մասին օրինագիծը։
Սպիտակ տունը փորձում է ավելի շատ ռազմական օգնություն ուղարկելու ուղիներ գտնել՝ հաշվի առնելով ճակատում ստեղծված իրավիճակը եւ Կիեւի ֆինանսավորմանը հանրապետական սենատորների ցուցաբերած դիմադրությունը:
Բայդենը հայտարարել է, որ նոր փաթեթը հատկացվել է Պենտագոնի նախկին պայմանագրերի իրականացման ընթացքում խնայված միջոցների հաշվին։