Իսրայելը Գազայի հատվածում իր ռազմական գործողության ընթացքում չկարողացավ հասնել իր հայտարարած նպատակներից որեւէ մեկին: Նման կարծիք է հայտնել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։
«Սիոնիստական ռեժիմը չկարողացավ հասնել իր հայտարարած նպատակներից որեւէ մեկին, եւ նրա պատմական պարտության նշաններն արդեն ակնհայտ են»,- Աբդոլլահյանի խոսքերը մեջ է բերում Իրանի ԱԳ նախարարությունը՝ տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Աբդոլլահյանը պնդում է, որ Իսրայելը «շարունակում է հանցագործություններ կատարել մարդկության դեմ եւ ցեղասպանություն իրագործել ճնշված պաղեստինյան ժողովրդի նկատմամբ […]»:
Ըստ Իրանի ԱԳ նախարարի պատասխանատու միջազգային կառույցները, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, չեն կարողացել արդյունավետ եւ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել «ցեղասպանությանը վերջ տալու համար»։
Աբդոլլահյանը նաեւ «բարձր է գնահատել» պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման, լիբանանյան շիական «Հեզբոլլահի» եւ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման պայքարը «մինչ ատամները զինված» Իսրայելի դեմ։