Ադրբեջանը եւ Հայաստանը բանակցում են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ Այս մասին մարտի 15-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսի հետ հանդիպման ժամանակ։
Ալիեւը նշել է, որ Բաքվում նոյեմբերին սպասվող ՄԱԿ «Կլիմայի փոփոխության գագաթնաժողովի»՝ COP29-ի անցկացման շուրջ Արեւելյան Եվրոպայի խմբում կոնսենսուսի ձեռքբերումն ինքնին խաղաղության օրակարգի անբաժանելի մասն է։
Ադրբեջանի ղեկավարի խոսքերով Բաքուն պաշտպանել է Արեւելյան Եվրոպայի խմբից Հայաստանի թեկնածությունը COP (Կոնվենցիաների հարցով բարձրագույն որոշում կայացնող մարմին) բյուրոյին անդամակցելու համար, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի թեկնածությունը COP29-ը հյուրընկալելու համար։
«Բացի այս փոխադարձ հիմունքներով զինվորականներն են ազատ արձակվել, ինչը խաղաղության օրակարգին ծառայող պահ է»,-նշել է Ալիեւը: