Գազայի հատվածում հնարավոր զինադադարի առաջին փուլում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն առաջարկել է ազատ արձակել պատանդառված իսրայելցի կանանց եւ երեխաներին՝ մինչեւ 1000 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ներկայացրած փաստաթղթին։
Իսրայելի հետ անուղղակի բանակցություններում ՀԱՄԱՍ-ի ներկայացրած առաջարկը ենթադրում է, որ առաջին փուլում, որպես Գազայի հատվածում հնարավոր զինադադարի մաս, շարժման ներկայացուցիչները կազատեն կանանց, երեխաներին, ծերերին եւ վիրավոր պատանդներին, որոնք պատանդ էին տարվել 2023-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ։
ՀԱՄԱՍ-ը նաեւ պատրաստակամություն է հայտնում ազատ արձակել իսրայելցի կին նորակոչիկներին։ Այս ամենի դիմաց Իսրայելը պետք է ազատ արձակի բանտերում պահվող 700-ից 1000 պաղեստինցի բանտարկյալների։ Ընդ որում, թվարկված հանցագործների թվում կա 100 ցմահ ազատազրկման դատապարտված։
Առաջին փուլի ավարտից հետո ՀԱՄԱՍ-ն առաջարկում է համաձայնեցնել մշտական հրադադարի հաստատման եւ Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերման ժամկետները։
ՀԱՄԱՍ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 14-ին միջնորդներին ներկայացրել է Գազայի հատվածում զինադադար հաստատելու ապագա համաձայնագրի իր տեսլականը։ ՀԱՄԱՍ-ի առաջ էր քաշած պայմանների թվում էր Գազայից իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերումը, մարդասիրական օգնության մատակարարումը եւ տեղահանվածների մշտական բնակության վայրեր վերադարձը։ Ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի պահանջներն անիրատեսական են։