Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հաստատումը կարեւոր ներդրում կունենա տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովման գործում։
Այս մասին ըստ ադրբեջանական APA գործակալության ասվում է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եւ Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի մարտի 15-ին Բաքվում եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրված հռչակագրի տեքստում։
Փաստաթղթում ասվում է, որ երեք երկրներն էլ հաստատել են իրենց աջակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանների անձեռնմխելիության եւ միմյանց ինքնիշխանության հարգանքի վրա։
APA-ի մեջբերած տեքստի համաձայն նախարարները վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների շուտափույթ հաստատումը կարեւոր ներդրում կունենա տարածաշրջանային կայունության եւ անվտանգության մեջ, ինչպես նաեւ ճանապարհ կբացի տարածաշրջանում համագործակցության ներուժի լիարժեք իրացման համար։ Նաեւ ընդգծվել է Վրաստանի եւ Թուրքիայի՝ որպես տարածաշրջանի երկրների այս ուղղությամբ ունեցած դրական դերակատարման մասին։