Քանդակագործ Արփիար Սարգսյանին հայրենի Վայքում բոլորն են ճանաչում։ Հայտնի քանդակագործի ստեղծագործությունները քաղաքի տարբեր հատվածներում են տեղադրված։ Առանց նրա անունը կարդալու էլ մարզեցիները գիտեն՝ ով է հեղինակը։
Վայոցձորցի քանդակագործի կյանքը «դասական» ճանապահրով է անցել․ կյանքի դժվարություններ, արվեստը թողնելու պարտադրանք, բայց վերջում՝ վերադարձ «արմատներին»։ 68-ամյա Արփիար Սարգսյանը մասնագիտությամբ նկարչության, գծագրության ուսուցիչ է։
«Մինչեւ 2000-ականները դասավանդել եմ քաղաքի հանրակրթական դպրոցներում, արվեստի դպրոցում։ Հետո ստիպված էի թողնել, որովհետեւ երեխաներին կրթության տալը, կենցաղը դժվար էին, պետք էր լուծել այդ հարցերը։ Արվեստով, ցավոք, հնարավոր չէր ամեն ինչ հասցնել»,-ասում է քանդակագործը։
Հետո տեւական ժամանկ մենակ է ապրել՝ փոքրիկ հյուղակում՝ առանց կենցաղային հարմարությունների։ Կյանքի այդ ժամանակահատվածը Արփիար Սարգսյանը ճգնելու հետ է համեմատում։ Ասում է՝ այդ ընթացքն օգնել է մաքրվել մտքով ու հոգով։
«Մարդը երեւի ժամանակ առ ժամանակ պետք է թեկուզ մի քանի օրով առանձնանա, մենակ ապրի եւ կապ չունենա արտաքին աշխարհի հետ։ Արդեն թոշակառու եմ, փող հայթայթելու խնդիրը չկա, ինձ համար արարում եմ, ու ստեղծագործելն ինձ թեւեր է տալիս։ Նյարդային մարդ եմ եղել, բայց արվեստն ինձ բժշկել է։ Ես այսօր առողջ մարդ եմ»,-ասում է քանդակագործը։՝ նշելով, թե սկսած քանդակի վրա գիշեր-ցերեկ աշխատել է։
«Կարոտի նման մի բան էր, արթնանալուն պես գնում էի դեռ կիսատ աշխատանքի մոտ, նայում։ Անգամ հոգնածություն չէի զգում»,-հիշում է նա։
Մյուս սիրելի աշխատանքը Վայքի զոհվածների ծառուղում է։ Կին է՝ երեխան գրկին։ «Պատերազմից հետո զոհվածների մայրերը նորից ցանկացան մայրանալ, նոր հերոսներ ծնել, այդ գաղափարն է կրում քանդակը»։
Արվեստագետը քանդակում է այն ամենով, ինչ ձեռքի տակ ընկնում է։ Փայտ, քար, բետոն։ Փնտրտուքի արդյունքում նաեւ մարմարի տեսք ունեցող նյութ է ստացել։
Չորացած ծառերը նրա ձեռքով քանդակների են վերածվում։ Ծանոթներն արդեն գիտեն՝ եթե չորացած բուն կա, Արփիարը հաստատ մի բան կստեղծի։
Արփիար Սարգսյանն իր աշխատանքները չի վաճառում։ Տեղադրված բոլոր քանդակներն անվճար է ստեղծել։ «Պատվիրատուն իր պահանջներն է դնում, որոնք սահմանափակում են ստեղծագործելու ազատությունը, իսկ ես դա չեմ սիրում»,-ասում է՝ ընդգծելով, որ նույն սկզբունքով նաեւ իր աշակերտների հետ է աշխատում։
Միայնակ կյանքից իրեն հարազատ դարձած վայքեցու միջոցով է դուրս եկել, սկսել ապրել ու աշխատել նրա «Միկի» կրթահամալիրում։ Հենց այնտեղ էլ սկսել է դասավանդել։ «Տարիքն իր խոսքն ասում է․ ես ուզում եմ ինձնից հետո ինչ-որ բան թողնել։ Իմ դեպքում դասավանդելն է, որ երեխաներին էլ փոխանցեմ իմ փորձը։ Իրենց հետ աշխատելը հաճելի է ու հեշտ, ինքս էլ ոգեւորվում եմ»։
Դասերի մեծամասնությունն անցնում է վայոցձորյան բնության գրկում, որն Արփիար Սարգսյանի համար մուսա է։ «Ես սիրում եմ Վայքը, եւ ներշնչանքը գալիս է հենց Վայքից, շրջապատից, բնությունից։ Ես էլ աշակերտներիս հետ շրջում եմ, միասին նկատում ենք գեղեցիկը։ Բնությունը շատ է սովորեցնում, հատկապես Վայոց ձորի բնությունը»,-ասում է նա՝ նշելով, թե ուսուցիչն է, որ կարող է խթանել ստեղծագործելու ցանկությունը։ Ինքն էլ հիշում է՝ երբ դպրոցական էր, իր ուսուցիչը ձեռքից վերցրել է փոքր մատիտն ու նվիրել երկար, սրածայր մատիտ՝ նկատելով աշակերտի տաղանդը։ Ուզում է՝ իր աշակերտներն էլ իրեն այդպես հիշեն։
Արփիար Սարգսյանը վստահ է՝ արվեստի այս ճյուղը Հայատանում զարգանալու մեծ հեռանկարներ ունի, եթե ոլորտում հետեւողական աշխատանք լինի, եւ հանրակրթական դպրոցներում ավելի լուրջ վերաբերվեն ուսուցմանը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: