ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահը եւ նրա ամսին խոսելիս կիրաել նրա ազգանունը։ Որպես կանոն, Պուտինը ելույթների ու հայտարարությունների ժամանակ խուսափում էր օգտագործել Նավալնիի ազգանունը եւ գործչի գործունեությանը վերաբերվող մտքերը ձեւակերպում այլ կերպ։
Մոսկվայի «Գոստինի դվոր»-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը ընդդիմության առաջնորդի մահն անվանել է «տխուր իրադարձություն» եւ հաստատել, որ քննարկել է Նավալնիի փոխանակման հարցը նրա Ռուսաստան չվերադառնալու պայմանով։
Պուտինի խոսքով՝ «որոշ գործընկերներ», որոնք չեն եղել իր վարչակազմից, առաջարկել են դիտարկել Նավալնիին արեւմտյան երկրներում պահվող բանտարկյալների հետ փոխանակելու գաղափարի մասին։
«Ինձ հետ խոսացող մարդը դեռ չէր ավարտել իր նախադասությունը, եւ ես ասել եմ. «Համաձայն եմ»: Բայց ցավոք տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Փոխանակումը ասել եմ միայն մի պայմանով․ եթե չվերադառնա, թող այդտեղ մնա»,-ասել է Պուտինը։
Ավելի վաղ արեւմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանը պատրաստ է ազատ արձակել Նավալնիին, ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին եւ ամերիկացի պաշտոնաթող ծովային հետեւակային Փոլ Ուելանին։ Դրա դիմաց Ռուսաստանին, ըստ չհաստատված տեղեկությունների, պատք է արտահանձնեին չեչեն դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով Գերմանիայում ցմահ ազատազրկման դատապարտված Վադիմ Կրասիկովին եւ «ԱՄՆ-ում դատապարտված մի քանի այլ ռուսների»։