ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը X-ի իր էջում կատարած գրառման մեջ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել օգտվել հարատեւ խաղաղություն հաստատելու հնարավորությունից։
«Հաճելի է Բաքվում հանդիպել նախագահի հետ։ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի երկարամյա գործընկեր է, եւ ես անհամբեր սպասում եմ գործընկերության հետագա ամրապնդմանը: Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը ավելի լայն նշանակություն ունեն անվտանգության համար։ Հայաստանին եւ Ադրբեջանին խրախուսում եմ օգտվել հարատեւ խաղաղության հնարավորությունից»,-ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի գրառման մեջ։
Good to meet @presidentaz in Baku. #Azerbaijan is a long-standing #NATO partner & I look forward to further strengthening the partnership. Peace & stability in the South Caucasus matters to security more broadly; I encourage 🇦🇿 & 🇦🇲 to seize the opportunity for enduring peace. pic.twitter.com/QRnisNWmKn
— Jens Stoltenberg (@jensstoltenberg) March 17, 2024
Հիշեցնենք, որ Ստոլտենբերգը Բաքու էր ժամանել մարտի 17-ին եւ հանդիպում ունեցել նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել էր, որ երկարամյա հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն հաստատելու հնարավորություն ունեն։
«Դուք ավելի քան երբեւէ մոտ եք խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Եվ ես կարող եմ ձեզ միայն հորդորել օգտվել այս հնարավորությունից՝ Հայաստանի հետ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,-Բաքվում ասել էր Ստոլտենբերգը։