Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո Գազայի հատվածում բնակվող ավելի քան 13 հազար երեխա է զոհվել ընթացող մարտական գործողությունների արդյունքում։ Նման գնահատական է տվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը CBS-ին տված հարցազրույցում։
«Մինչ այժմ ավելի քան 13,000 երեխա է մահացել, ինչը իսկապես սարսափելի թիվ է», — ասաց Ռասելը: Նա հավելել է, որ եւս հազարավոր անչափահասներ վիրավորվել են կամ մնացել ավերված շենքերի փլատակների տակ։
Գազայի հատվածում գործող առողջապահության նախարարությունը մարտի 17-ին հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների մեկնարկից ի վեր այնտեղ սպանված պաղեստինցիների թիվը գերազանցել է 31,6 հազարը, իսկ վիրավորներինը հասել՝ 73,6 հազար մարդու։