Հայերն Ադրբեջանի մասին դատողություններ անելիս մշտապես ելնում են շովինիստական ու քաղքենի այն մեկնակետից, իբրեւ թե դա արհեստական պետություն է, գոյություն չի ունեցել եւ նույնիսկ Կոկա-կոլան շատ ավելի հին է, քան Ադրբեջան կոչվող այդ գոյացությունը։
Իսկ մի քանի գիրք ավել կարդացածներն էլ կպնդեն, թե ադրբեջանցի եզրույթն էլ որպես այդպիսին հնարովի, շինծու նորարարություն է, եւ իրականում նրանք կովկասյան թաթարներն են, թաթերը, լեզգինները, ուդիները եւ թալիշները, որոնք ամեն պահ կարող են ապստամբել։
Ցավոք, հակագիտական այս մտայնությունները ճյուղավորվել են հայ արեւելագիտությունից՝ արմատավորվելով ու ամրապնդվելով որպես հաստատուն ճշմարտություններ։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի վերաբերյալ այս դատողությունները իսկապես հնարավոր է հիմնավորել կոնկրետ թվականներով եւ փաստերով։
Կասկածից դուրս է, որ այդ անունով պետություն պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է 1918 թվականին, իսկ ադրբեջանցին էլ որպես քաղաքական հավաքականություն վերջնական կառուցվածք է ստացել է սովետական տիրապետության շրջափուլում։ Բայց իմ համոզմամբ մեխանիկական այս փաստերի հիմքի վրա դատողությունները ժամանակավրեպ են ու հակագիտական։
Դրանցով հնարավոր է հրաշալի պրոպագանդիստական ակցիա իրականացնել, բավարարել ազգային փուչ սնափառությունը, արթնացնել ռազմահայրենասիրության եսասիրական բնազդները եւ այսպես շարունակ։ Մի խոսքով ամեն ինչ կարելի է անել, բացի խնդիրը ճանաչելուց եւ հասկանալուց։
Իրականում հայերը Ադրբեջանին արհեստական են համարում մոլագար այն կանխավարկածով, իբրեւ թե անցյալում գոյություն չունեցածը չի կարող լինել նաեւ ապագայում։ Այսինքն, Ադրբեջան պետությունը նրանց համար ժամանակավոր հայտնություն է, առնվազն գոնե երազանքների տիրույթում։ Նույնիսկ չեն էլ փորձում պարզել, թե երբեւէ գոյություն չունեցած, արհեստական այդ կազմավորման փոխարեն նախկինում ինչ է եղել։
Առավել մազոխիստները կպնդեն, թե Ադրբեջանը զբաղեցնում է Մեծ Հայքի Փայտակարան նահանգի տարածքը։ Մի թեթեւ իրազեկ մազոխիստներն էլ կհիշեն Աղվանքի եւ Ատրպատականի մասին։ Իսկ իրանագետներն ու ադրբեջանագետները թեման կկողպեն՝ տարրալուծելով նորահայտ ադրբեջանցիներին եւ երբեմնի թաթարներին Սեֆյան Պարսկաստանի անվերջության մեջ։ Եվ խնդիրը նորից կմնա չհետազոտված ու թերի։
Այստեղ կարող է տրամաբանական հարց առաջանալ․ ինչների՞ս են պետք ադրբեջանագիտական ուսումնասիրությունները։
Եթե փորձենք դիտարկել զարգացած երկրների փորձառությունը, պարզ կդառնա, որ Ռուսաստանի ուսումնասիրման լավագույն դպրոցները ստեղծվել են Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում, ավելի ուշ նաեւ ԱՄՆ-ում։ Դրանք լավագույնն են, քանի որ թշնամական են։ Թշնամականն ու հակագիտական քարոզչությունը ամենեւին էլ հոմանիշներ չեն։ Մարդավարի թշնամությունը չի կարող սահմանափակվել թշնամուն ծաղրելով եւ նրա մասին սուտ լուրեր տարածելով։
Դեռ մի կողմ թողնենք այն պարզ ճշմարտությունը, որ միջին վիճակագրական հայն այդպես էլ չհասկացավ, որ որեւէ ժողովրդի՝ լինի թուրք, թե ադրբեջանցի չի կարելի հեգնել ու ծաղրել՝ համեմատելով Կոկա-կոլայի հետ։ Թշնամություն են անում պետության հետ, ոչ թե այնտեղ ապրող մարդկանց։ Սա չկարողացավ հասկանալ նաեւ Իլհամ Ալիեւը, երբ Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ նայելով հայ ժողովրդին կապիտուլացված անվանեց։
Ինչեւիցե, վերադառնալով նախնական թեմային՝ նշենք, որ բոլոր այս տխմարություններից զատ անհրաժեշտ է նաեւ գիտական մեթոդաբանությամբ ճանաչել թշնամական պետությանը։ Ճանաչել հասկանալու համար, ինչպես գերմանացիներն ու անգլիացիներն են ճանաչում ռուսներին եւ հակառակը։ Ի դեպ թշնամի եզրույթի կիրառությունը հայ առաջադեմ եւ ինտելեկտուալ շրջանակներ կարող են սվիններով ընդունել։ Պոլիտ կոռեկտության ասպետները առավել հակված են թշնամի եզրույթը փոխարինել հակառակորդով, ինչը իմ համոզմամբ ծաղր է բանականության նկատմամբ։
Ծորացող մեղմախոսությունից անդին անհրաժեշտ է իրերն իրենց անուններով կոչել, քանի որ մենք ֆուտբոլային մրցապայքարում չենք։ Թշնամական գործողություններ անողին անհրաժեշտ է թշնամի անվանել ու նորմալ թշնամություն անել՝ բնականաբար մտքում պահելով այն հեռանկարը, որ այսօրվա դուշմանը վաղվա հնարավոր գործընկերն ու դրացին է։
Եվ այսպես, գանք ամենակարեւորին։ Հնարավոր չէ Ադրբեջանին ճանաչել, եթե մեր դիտարկումները սկսում ենք 1918-ից։ Այս մոտեցմամբ սխալ պատկերացում է ձեւավորվում, իբրեւ թե այն ստեղծվել է դատարկ տարածության վրա եւ թուրքական զորքերի տարածաշրջան ներխուժելու հետեւանքով։ Սա իհարկե մոլորություն է, քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջան պետության ձեւավորման առաջնային շարժիչ ուժը Հարավային Կովկասի մուսուլմանական հոծ բնակչության առկայությունն է։ Թերեւս հենց այս ֆենոմենն է հայ արեւելագիտությունը հետեւողականորեն դուրս թողնում ադրբեջանագիտության առարկայից։
Ռուսական կայսրությունը 19-րդ դարի առաջին կեսին՝ ներխուժելով Հարավային Կովկաս, իր համար տարանջատեց քաղաքական երեք միավոր՝ վրացիներ, հայեր եւ մուսուլմաններ։ Նույնիսկ միահեծան ինքնակալության, ճորտատիրության եւ դեսպոտիզմի պայմաններում, Ռուսաստանն այնուամենայնիվ եվրոպական տերություն էր, որի հիմքում ի թիվս այլ արժեքների տիրապետող էին նաեւ Լուսավորականության արմատավորած գաղափարները։
Կարելի է պնդել, որ Հարավային Կովկասը նվաճած այդ կայսրությունը՝ իր կամքից անկախ, անուղղակիորեն միջնորդի դեր էր ստանձնում տեղի ժողովուրդների եւ Եվրոպայի միջեւ։ Չի բացառվում, որ թերեւս հենց այդ խողովակով է փոխանցվել նաեւ ազգային պետության գաղափարը, ինչի աստիճանական սաղմնավորմանը վստահաբար նպաստել են կայսրության վարչաքաղաքական ռեֆորմները, մշակութային միջավայրը եւ կրթական համակարգը։
Վրացիների պարագայում այս ազդեցությունը ավելի շուտ օժանդակող դերակատարություն ուներ, քանի որ նրանք դեռեւս շարունակում էին հիշել ոչ վաղ անցյալի Վրացական թագավորությունը։ Առավել բարդ էր հայերի պարագան, որոնք, դեռեւս միջնադարում կորցնելով պետականությունը, փոխակերպվել էին կրոնաէթնիկական համայնքի եւ միայն ռուսների օգնությամբ էին պատկերացնում Հայոց պետականության վերականգնումը։
Հայերի ու վրացիների պարագայում խնդիրը նույնիսկ առանց հստակեցման հնարավոր է ձեւակերպել, իսկ Սդրբեջանի դեպքում բախվում ենք անհաղթահարելի պատնեշի, եթե իհարկե կառչած ենք մնում 20-րդ դարում ի հայտ եկած Ադրբեջան եզրույթից՝ կարծելով, որ դա է խնդրո առարկայի մեկնակետը։
Իսկ չկառչելու համար անհրաժեշտ է դուրս գալ հայկական միջավայրի տրամաբանությունից եւ խնդիրը դիտարկել այլ հարթության մեջ։ Հայերի պարագայում ամեն ինչ շատ հստակ է․ դա միատարր, ինքնաբավ, արտաքին աշխարհից հստակ տարանջատված էթնոքաղաքական միավոր է՝ իր ուրույն լեզվական, մշակութային, կրոնական համակարգերով։ Այս միջավայրը հնարավոր չէ տարրալուծել այլ իրականության մեջ։ Թերեւս հենց այս առանձնահատկությունից ելնելով է, որ մենք չենք կարողանում հասկանալ Ադրբեջան պետության ֆենոմենը, քանի որ մեզ համար առաջնային է էթնիկական ծագումը, լեզուն եւ մշակութային ուրույն ձեռագիրը։
Բայց խնդիրն այն է, որ չի կարելի բոլոր համակարգերը դիտարկել միեւնույն չափորոշիչներով եւ մեթոդներով։ Համանման փորձը դատապարտված է ձախողման՝ որպես վերջնական արդյունք Ադրբեջանը Կոկա-կոլայից հին է զավզակության փոխակերպվելու հեռանկարով։
Խնդրո առարկայի մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է տեղափոխվել միջնադար։ 11-րդ դարից սկսած Մերձավոր Արեւելքը ներքաշվում է շրջադարձային նշանակություն ունեցող գործընթացների մեջ։ Սելջուկ-թյուրքերի, հետագայում նաեւ մոնղոլների արշավանքների հետ զուգընթաց տեղի են ունենում ժողովրդագրական բավական զորեղ եւ զանգվածային տեղաշարժեր։ Միջինասիական հեռավոր տափաստաններից թյուրքական տարատեսակ ցեղերը հաստատվում են Փոքր Ասիա թերակղզում, Անդրկովկայսում, Իրանում եւ հարակից շրջաններում՝ վերջնականապես փոխելով տարածաշրջանի քաղաքական, մշակութային եւ ժողովրդագրական պատկերը։
Այս գործընթացը հայկական պատմագիտությունը հաճախ ներկայացնում է որպես քոչվորների եւ նստակյացների պարզունակ մի բախում՝ փորձելով 19-20-րդ դարերի թուրքական ազգայնականության եւ ֆաշիզմի հիմքերը փնտրել հեռավոր միջնադարում։ Սա իհարկե մոլորություն է, քանի որ ոչ բոլոր թյուրքական տարրերն էին քոչվոր եւ բոլորը չէ, որ թյուրքական էին։ Մասնավորապես՝ 11-12-րդ դարերում Փոքր Ասիա տեղափոխված բնակչության մի զգալի մասը պարսիկներ էին։
Այնպես էլ չէ, որ բոլոր այս տարրերը հստակ մշակութային պատկանելություն ունեին։ Օրինակ, պարզ տեսնում ենք, որ դեռեւս 12-րդ դարում, նույնիսկ պետություններ ստեղծելուց հետո, թյուրքական տարրերը ինքնության փնտրտուքի մեջ գտնվող անկանոն զանգվածներ էին, որոնք հավասարապես կարող էին ազդվել ինչպես արաբական, այնպես էլ բյուզանդական միջավայրերից։
Ուսումնասիրելով միջանադարյան թյուրքական միջավայրը՝ մենք չենք կարող դա դիտարկել որպես առանձին ինչ-որ համակարգ, որը բյուզանդականի կամ հայկականի պես տանաջատված է արտաքին աշխարհից։ Բավականին հաճախ նույնիսկ հնարավոր չի վերականգնել այս կամ պատմական կերպարի կամ էլ նույնիսկ տոհմի, ցեղի էթնիկական պատկանելությունը։ Պարզ չի՝ գործ ունենք թուրքի՞, պարսիկի՞, թաթարի՞, քրդի՞, թե՞ մուսուլմանացված հույնի հետ։
Կարծում եմ, նման հարցադրումն արդեն իսկ հիմքից սխալ է, քանի որ իսլամական ունիվերսալ տիեզերքում էթնիկական պատկանելությունը չորրորդական նշանակություն ունի։ Շատ ավելի առաջնային է, թե այս կամ այն գործիչը Իսլամի որ ճյուղից է , շիա՞ է, թե՛ սուննի կամ էլ իրավական ո՞ր դպրոցին է պատկանում։ Կարեւոր է նաեւ տվյալ անհատի ցեղը, տոհմը, բայց ոչ երբեք էթնիկական միասնական համակարգի մաս կազմելը։
Չխորանալով մանրամասների մեջ՝ անհրաժեշտ է նկատել, որ մուսուլմանական այս ընդհանրական տարածությունում բնականաբար չէին կարող նաեւ Ադրբեջան ու ադրբեջանցի լինել։ Խնդիրն այն է, որ նույնիսկ դրա անհրաժեշտությունն էլ չկար, քանի որ Գանձակում ապրող շիա մուսուլմանի համար միեւնույն էր, թե ինքը, որ երկրի տարածքում է՝ Իլ-խանության, Կարա-կոյունլուների, Ակ-Կոյունլուների, թե՛ Սեֆյանների։ Ինքը տարանջատվելու եւ առանձնանալու անհրաժեշտություն չուներ, քանի որ բոլոր դեպքերում ապրում էր իր բնական միջավայրում։ Ինքը գիտեր, թե որ ցեղից է եւ ում որդին է։ Գիտեր նաեւ, որ չկա Ալլահից բացի ուրիշ աստված եւ Մուհամմադն է առաքյալը նրա։
Խնդիրը հիմնովին կերպափոխվում է Ռուսական կայսրության տիրապետության պայմաններում, որը Հարավային Կովկասի բնակչությանը, այս պարագայում մուսուլմաններին, փաստացի դուրս է բերում իսլամական անվերջությունից՝ անուղղակիորեն նրան կանգնեցնելով, արտաքին աշխարհից տարանջատվելու, աշխարհիկանալու եւ ազգային պետություն ստեղծելու ինքնութենական հիմնախնդրի առջեւ։
Բնականաբար այդ պետությունը պետք է նոր անուն ունենար, իսկ այնտեղ ապրող մարդիկ պետք է կոչվեին հենց այդ պետության անունով։ Այսինքն, Կոկա-կոլայի հետ համեմատությունները անհեթեթ են, քանի որ Ադրբեջանը զուտ անվանում չէ, այլ առաջին հերթին այնտեղ ապրող մուսուլմանական բնակչությունը, որը այս տարածաշրջան սկսել է տեղափոխվել 11-րդ դարից սկսած, հատկապես Մանազկերտի ճակատամարտի եւ մոնղոլական նվաճումների միջեւ ընկած ժամանակաշրջանում։
Կարծում եմ ադրբեջանցիները կարող են հաղթահարել իրենց բարդույթներն ու հրաժարվել պատմության զավեշտալի ադրբեջանիզացիայից եւ հակահայկական շիզոֆրենիայից։ Նրանք հանգիստ կարող են իրենց համարել Սելջուկ-թյուրքերի, Իլ-խանության, Կարա-կոյունլուների, Ակ-կոյունլուների, Սեֆյանների ժառանգորդը։
Ի դեպ, լինել ժառանգորդ ամենեւին էլ չի նշանակում, որ բոլոր այդ տերությունները Ադրբեջան են եւ վերջ, ինչպես հաճախ պնդում են ադրբեջանցի պրոպագանդիստ պատմաբանները։ Պարզապես պետք է հասկանալ, որ գործ ունենք տարածաշրջանում մուսուլմանական պետությունների եւ բնակչության ինստիտուտիցիոնալ շարունակականության ու ժառանգորդության հետ։ Իսկ Ադրբեջան պետությունը հենց այդ շարունակականության աստիճանական ծնունդն է։
Ես այսպես եմ տեսնում Ադրբեջանի եւ ադրբեջանցիների պատմությունը՝ հոգու խորքում ունենալով այն համոզմունքը, որ ինչ-որ մի օր Բաքվի թերթերից մեկում էլ համանման հոդված լույս կտեսնի։ Վերջապես ինչ-որ մեկը ադրբեջանական բնակչությանը ողջամտության կոչ կանի՝ հիշեցնելով այն պարզ իրողությունը, որ հայերը Հնդկաստանից բերված գնչուներ չեն։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։